Ադրբեջանական մամուլում լայն արձագանք է ստացել Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի հայտարարությունը ԼՂՀ տարածքների վերադարձման վերաբերյալ: Մասնավորապես haqqin.az քարոզչական կայքը Ադրբեջանին հանձնված դավաճան Վահան Մարտիրոսյանի հետ միևնույն հարթության մեջ է դիտարկում Հերմինե Նաղդալյանին, նշելով, որ «Նաղդալյանն ու Մարտիրոսյանը թանկ վճարեցին «բռնազավթման»մասին ճշմարտությունն ասելով»:
Հիշեցնենք, որ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահը հայտարարել էր. «Մեր փոխզիջումը ոչ թե 5 գրավյալ տարածքներն են, այլ այդ համալիրն ամբողջական Մադրիդյան սկզբունքների: Երբ որ կընդունվի, կլինի հանրաքվեն եւ կընդունվի կարգավիճակի մասին որոշում և աշխարհը կընդունի Ղարաբաղի անկախությունը, մենք ձեր հողերը կամ այն հողերը, որոնց վրա մենք այսօր այդ իրավունքը չունենք, մենք այդ հողերը չենք ուզում: Սա մեր «բուֆերնի» զոնան է և սա մեր անվտանգության երաշխիքն է»:
Ադրբեջանական լրատվամիջոցներն այս հայտարարությունը համարում են Հերմինե Նաղդալյանի կողմից Ադրբեջանի «տարածքների օկուպացիայի» մասին խոստովանություն: Նշելով, որ Հայաստանում և Արցախում մեծ դժգոհություն է առաջացրել Նաղդալյանի հայտարարությունը, haqqin.az-ը ԱԺ փոխնախագահին ներկայացնում է` որպես ճշմարտությունն ասելու համար քարկոծվող անձ և նրան համեմատում Ադրբեջան փախուստի դիմած Վահան Մարտիրոսյանի հետ: «Նաղդալյանն ու Մարտիրոսյանը թանկ են վճարել «բռնազավթման» մասին ճշմարտությունն ասելու համար»- գրել է ադրբեջանական կայքը:
Ահա թե ինչ հետևանքներ է ունենում պաշոնատար անձանց կողմից չկշռադատված հայտարարություններ անելը: