Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) այսօր հայտարարեց Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի ազգային դեսպան նշանակելու մասին: ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներ, լրագրողներ:
Մխիթարյանը կօժանդակի ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ կրթություն ստանալու՝ երեխաների իրավունքն առաջ քաշելու գործում, կբարձրաձայնի Հայաստանի առավել կարիքավոր երեխաների իրավունքների մասին: Այս նշանակումը ՅՈՒՆԻՍԵՖ-ի 70-ամյակի առիթով է, որը նշվում է այս տարի դեկտեմբերին:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ միասին Մխիթարյանը կխրախուսի հայ ընտանիքներին՝ակտիվ քայլեր ձեռնարկել՝ փորձելով յուրաքանչյուր երեխայի ապահովել հավասար հնարավորություններով՝ առաջ քաշելով երեխաների և երիտասարդների՝ ներառական միջավայրում վաղ տարիքից ուսում և որակյալ կրթություն ստանալու իրավունքը: