
«Քանի որ մոնիթորինգ չեմ արել, չեմ կարող ասել գրագողությունը, թե հեղինակային իրավունքի խախտումներն են ավելի գերակշռում հայկական լրատվական դաշտում, բայց երկուսն էլ կատարվում են մեզ մոտ: Տարիներ առաջ գրագողությունն ավելի շատ էր հանդիպում, դրա համար էլ մի խումբ խմբագիրներ հավաքվեցին ու հայտարարություն հրապարակեցին, որը դաշտի ինքնակարգավորման առաջին փորձն էր»,- ասաց Մեսրոպ Հարությունյանը` հավելելով, որ դա նպաստեց գրագողության դեպքերի նվազման: Փորձագետը շեշտեց փաստը, որ հեղինակային իրավունքի խախտում է կատարվում շահույթ ստանալու համար, ինչը դատապարտելի է:
Մեսրոպ Հարությունյանի դիտարկմամբ` մինչև 2006 թվականն օրվա նորությունների ու ընթացիկ իրադարձությունների մասին հրապարակումները չէին հանդիսանում հեղինակային իրավունքի օբյեկտ, ինչն էլ, իր հերթին, նպաստում էր գրագողությանը: Այնուհետև օրենսդրական կարգավորումներով այդ հարցին լուծում տրվեց: Փորձագետն անդրադարձավ «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» օրենքում «մեջբերման նպատակն արդարացող ծավալ» հասկացությանը` նշելով, որ այն հստակ սահմանման կարիք ունի: «Հեղինակային և հարակից իրավունքների օրենքի 22-րդ հոդվածը թույլատրում է ստեղծագործության ազատ օգտագործման դեպքերը: Սա ևս բանավեճի առարկա է, քանի որ ազատ օգտագործման ձևերը ևս տարբեր ընկալումների տեղիք են տալիս ու խախտվում»,- ասաց Մեսրոպ Հարությունյանը:
Փորձագետն իր զեկույցում անդրադարձավ «Հանուն բարեխիղճ լրագրության» ֆեյսբուքյան էջին ու դրանում իրականացվող քննարկումներին, որն ինքնակարգավորման ևս մեկ օրինակ է:
Մեսրոպ Հարությունյանը կարևոր համարեց երեք դատական նախադեպքերը հեղինակային իրավունքների պաշտպանության նպատակով: «Նման նախադեպեր պետք են, քանի որ միայն ինքնակարգավորման մեծխանիզմներով դժվար է առաջ գնալ»,-նշեց փորձագետը:
Իրավապաշտպան Արա Ղազարյանը, ով ևս ներկա էր հանդիպմանը, մտահոգություն հայտնեց, որ հեղինակային իրավունքների պաշտպանության մասով դատական գործեր քիչ են: «Եթե շատ դատական ակտեր ունենանք, այս ոլորտը կզարգանա»,-ավելացրեց իրավապաշտպանը: Բացի այդ` Արա Ղազարյանը նշեց, որ «մեջբերման նպատակն արդարացնող ծավալ»-ի սկզբունքը պետք է նշել օրենքով, իսկ չափը պետք է դատական նախադեպով սահմանել, որպեսզի օրենքը ճկուն լինի: