տուն Լուրեր ՀԷՑ-ը գնելու հայտ ներկայացրած ընկերությունը Կիպրոսի օֆշորային գոտում է գրանցված

ՀԷՑ-ը գնելու հայտ ներկայացրած ընկերությունը Կիպրոսի օֆշորային գոտում է գրանցված

119
0

20150913_112848 copy

Այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ասաց, թե մանրամասներ չգիտի ընկերության մասին, որին պատրաստում են օտարել ՀԷՑ-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, այսօր գործադիրը հավանության էր արժանացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ»-ին օտարելու վերաբերյալ ՀՀ կառավարությանն ուղղված «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.»-ի հայտն ուսումնասիրելու մասին նախագիծը:

Երվանդ Զախարյանն ասաց, թե առաջարկություն է եղել «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.»-ի կողմից` իր բաժնետոմսերի վաճառքի հետ կապված, կառավարությունն այդ առաջարկությանը հավանություն ու նախնական համաձայնություն է տվել և հանձնարարել ուսումնասիրել բոլոր փաստաթղթերը, առքուվաճառքի պայմանագիրը:

Դիտարկմանը, թե ՀԷՑ-ը գնելու հայտ ներկայացրած ընկերությունը Կիպրոսի օֆշորային գոտում է գրանցված, և արդյո՞ք չկա մտավախություն, որ կկրկնվի «Նաիրիտի գործարանի»-ի պատմությունը, նախարարը պատասխանեց.

«Բոլոր փաստաթղթերը կուսումնասիրվեն: Ես չեմ կարծում, որ նման պատմություն կլինի»:

Զախարյանը դժվարացավ պատասխանել, թե ով է ՀԷՑ-ը գնող ընկերության սեփականատերը:

«Մեկ-երկու օրից, երբ ուսումնասիրությունները կավարտենք, մանրամասն բոլոր հարցերին կպատասխանենք»,- ասաց նա: