Հայաստանի այս տարվա տնտեսական աճի վերաբերյալ Համաշխարհային բանկի ակնկալիքները, համաձայն հրապարակված ամենամսյա վերջին տեղեկագրի, գերազանցում են նույնիսկ պետական բյուջով ամրագրված ցուցանիշները։ Վերջին շրջանում նման բան չէր եղել։
ՀԲ սպասելիքները, կառավարության համեմատ սովորաբար ավելի համեստ են լինում։
Ինչպես հայտնի է, Համաշխարհային բանկի վերջին կանխատեսումներով, այս տարի տնտեսական աճը Հայաստանում կլինի 2,5 տոկոսի սահմաններում։ Սա ավելի բարձր է, քան նախատեսված է 2016թ. պետական բյուջեով։ Հիշեցնենք, որ այս տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթով նախատեսված է համախառն ներքին արդյունքի 2,2 տոկոս աճ։
Թեեւ նախորդ տարվա 3 տոկոսի համեմատ այն ենթադրում է տնտեսական աճի դանդաղում, այնուհանդերձ ՀԲ-ն իր դիտարկումներում ավելի լավատեսական է դարձել։ Դրա վկայություններից մեկն էլ դեռեւս մեկ ամիս առաջ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնտեսությունների վերաբերյալ ներկայացված կանխատեսումներն են։
Այդ փաստաթղթում Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսական աճի ակնկալիքները 2016թ. համար գնահատել էր 2,2 տոկոսի սահմաններում։ Այժմ այն դարձել է 2,5 տոկոս, ինչը նշանակում է, որ դրանք վերանայվել են աճի ուղղությամբ։
Անկախ ամեն ինչից՝ ակնհայտ է, որ ի տարբերություն նախորդի, ՀԲ գնահատականներն այս տարի անհամեմատ ավելի դրական են Հայաստանի տնտեսության վերաբերյալ։
Հայաստանի տնտեսության համար Համաշխարհային բանկը շարունակում է ռիսկեր տեսնել՝ թելադրված առաջին հերթին Ռուսաստանի տնտեսությունից։ Նախորդ տարվա համեմատ դրանք անշուշտ ավելացել են, սակայն ՀԲ սպասելիքներն ավելի լավատեսական են դարձել։
Մի բան, ինչը հիմք է տալիս ասելու, որ նոր իրողությունների պայմաններում ֆինանսական այս կառույցի փորձագետները բարձրացել են Հայաստանի տնտեսության դիմադրողականության վերաբերյալ նախկինում ունեցած գնահատականները։
Գործընկեր հիմնական երկրների շուկաներում առաջացած անհարմարությունների եւ որոշ ապրանքների միջազգային ցածր գների պայմաններում՝ դա կարող էր պայմանավորված լինել տնտեսության մանեւրելու ունակությունների ավելացմամբ։
Ն.ՍԱՐԳՍՅԱՆ