«Ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության» նախագահ՝ Ստեփան Ասլանյանն ու մի խումբ այլ քաղաքացիներ Շրջանառության հարկի շուրջ իրենց կարծիքը հայտնեցին լրագրողներին: «Տարադրամի կետերը ժամանակին սկսեցին փակել, թողեցին մի քանիսը: Օրենքով սահմանափակեցին, որ 200 քմ տարածքից փոքր տարածքում չի կարելի տարադրամի փոխանակման կետ ունենալ, հետո դա դարձրեցին 500 քմ և այլն: Այս օրենքի դեպքում, պատկերացնո՞ւմ եք փոքր բիզնեսի ներկայացուցիչները քանի հաշվապահ պիտի պահեն: Խնդիրը փաստաթղթավորման պահին է վերաբերում, պետք է օրենքից հանեն: Էս մարդիկ դրսից ապրանք են բերում, եթե դեռ փաստաթղթավորված չեն, բա երկնքից դեսանտ են իջնո՞ւմ: Ցուցարարները հավաքվել են հիմա հրապարակում, տոնավաճառների ներկայացուցիչներ, կրպակատերեր: Ամեն մարդ իրավունք ունի իր շահերը պաշտպանելու: Էս մարդիկ փողոց դուրս գալով են որոշել պաշտպանել իրենց»,- եզրափակեց բանախոսը: Կարինե Գևորգյանն էլ ասաց, որ ամեն փոքր բիզնես ունեցող պետք է մի հաշվապահ պահի: «Մենք հազիվ կարողանում ենք ապրել՝ հույսով, որ մի օր երկիրը կծաղկի: Մենք հակված ենք մտքի, որ հազար հոգու կհանեն բիզնեսից, որ հինգ կամ տասը հոգի զբաղվի: Հիմա էդ հազար հոգին էլ չեն մնա, դուրս կգան երկրից: Ես ինքս գնալու եմ Եվրոպա, հանձնվեմ որ պետությունն ինձ պահի: Ես թեև սիրում եմ էս երկիրը, բայց էսպես չի լինի: Մենք պայքարում ենք ազնվության, աշխատելու իրավունքի համար»,- եզրափակեց բանախոսը:
Արմեն Մկրտչյան