Հասարակությանը միշտ ոգևորում է այն հանգամանքը, երբ իր կողքին իր հետ միասին համատեղ շահերի համար պայքարում են հայտնի մարդիկ: Հայաստանյան իրականության մեջ մեկ անգամ չէ, որ հայտնիները իրենց մասնակցությամբ ոգևորել են հասարակության պայքարող մասային: Պարզելու համար, թե արդյոք այս անգամ ևս հայտնիները մասնակցելու են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ կազմակերպվելիք ակցիաներինˋ Araratnews.am-ի թղթակիցը զրուցեց որոշ հայտնիների հետ:
Մեզ հետ զրույցում դերասաններ Հայկ Մարությանն ու Անի Պետրոսյանը, ովքեր բազմիցս ակտիվորեն մասնակցել են հասարակական նախաձեռնություններին և 2013-ի հուլիսին, երբ փորձ արվեց թանկացնել տրանսպորտի գինը, իրենց մեքենաներով միացան «Անվճար մեքենա» (free car) ակցիային, հաստատեցին իրենց մասնակցությունը նաև ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանն առաջիկայում կազմակերպվելիք բողոքի ակցիաներին:
Իր արվեստի միջոցով սականի թանկացման դեմ դժգոհություն կարտահայտի նաև «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը . «Ես արդեն իսկ ռադիոհաղորդում եմ պատրաստել, որում արտահայտվել է իմ բողոքնˋ ընդդեմ թանկացումների: Սովորաբար բուն ցույցերին ես չեմ մասնակցում, որովհետև դրանք երբեմն փոխում են իրենց ուղղությունը և քաղաքականցվում, բայց իմ հրապարակումներով և ելույթներով ես ընդվզում եմ և միանում բոլոր ընդվզողներին: Կարծում եմˋ ներկայումս ամենակարևոր ոչ թե հարցը քաղաքականացնելն է, այլ արտագաղթի դեմն առնելը, որը բխում է հենց սոցիալական ծանր պայմաններից»,-մեզ հետ զրույցում նշեց Գագիկ Գինոսյանը:
Դերասաններ Անդրանիկ Հարությունյանը և Լալա Մնացականյանը ևս նշեցին, որ մեծ սիրով կմիանան բողոքի ակցիաներին, եթե զբաղվածությունը շատ չլինի: Լալա Մնացականյանը հավելեց նաև, որ թեև ինքը չի մասնակցում ցույցերի, բայց եթե կազմակերպվի բողոքի ակցիա ինքը կմասնակցի դրան, քանի որ համակարծիք է հասարակության դժգոհության հետ:
Վարդուհի Ստեփանյան