Երևան քաղաքի 2798-րդ տարեդարձի առթիվ, սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած ակնառու հաջողությունների և տարած փայլուն հաղթանակների համար հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Գևորգի Ալեքսանյանին այսօր Երեւանի ավագանին իր արտահերթ նիստում շնորհելու է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը։
Նույն կոչմանը կարժանանա նաեւ Ռուսաստանի եւ Հայաստանի չեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ Միհրան Էդիկի Հարությունյանը:
Ստեղծագործական ակնառու հաջողությունների, թատերարվեստում ներդրած նշանակալի ավանդի և բազմամյա վաստակի համար ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին եւս կշնորհվի «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի բժիշկ-ռևմատոլոգ Սառա Մանթաշի Եսայանինին էլ առողջապահական համակարգում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա բեղմնավոր գործունեության և ունեցած վաստակի համար կարժանանա «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանը։
«Ա1+»