Մայիսի 14-ին տեղի են ունենալու Երեւանի ավագանու ընտրությունները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչ այս պահը որեւէ կուսակցությունից կամ կուսակցությունների դաշինքից ընտրություններին մասնակցելու դիմում չի ստացել: Նշենք, որ վերջնաժամկետը ապրիլի 9-ն է:
Խորհրդարանական ընտրություններից դեռեւս մեկ շաբաթ չի անցել: Ինչպես հայտնի է, ինը քաղաքական ուժեր էին մասնակցում ԱԺ ընտրություններին, որոնցից խորհրդարան են անցել 4-ը: Միայն երկուսն են առայժմ հստակ հայտարարել եւ ներկայացրել Երեւանի ավագանու ընտրությունների իրենց ցուցակը: Խոսքը ԵԼՔ դաշինքի եւ ՀՀԿ-ի մասին է: ԵԼՔ դաշինքի ցուցակը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը, իսկ ՀՀԿ-ինը՝ Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
ՀՅԴ-ն կուսակցությունում քննարկումներ էր սկսել` որոշելու համար` մասնակցելո՞ւ են ընտրություններին, թե՞ ոչ: Այդ մասին երկու օր առաջ Araratnews.am-ի հետ զրույցում ասել էր ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Աղվան Վարդանյանը: Կա´մ քննարկումները չեն ավարտվել, կա´մ ՀՅԴ-ն որոշել է չմասնակցել «արդար Երեւանի» կառուցմանը: Այս մասին է վկայում կուսակցության անդամների լռությունը: Դաշնակցական գործիչների հետ կապ հաստատել որեւէ կերպ չի հաջողվում:
Նույնը նաեւ «Ծառուկյան» դաշինքի պարագայում է: ԲՀԿ-ական առանձին պատգամավորներ, եթե անգամ հեռախոսազանգերին պատահաբար պատասխանում են, լսելով, որ իրենց լրագրող է անհանգստացնում, հայտարարում են, թե խիստ զբաղված են: Միեւնույն ժամանակ, ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների` «Ծառուկյան» դաշինքը որոշել է չմասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին:
Նշենք, որ «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ քննարկումները դեռ շարունակվում են եւ որ վերջնական որոշում դեռ չունեն:
Ընտրություններին չի մասնակցի նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: Այս մասին հայտարարել է կուսակցության մամուլի խոսնակը:
Araratnews.am-ին հայտնի է դարձել, որ Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Հայկական վերածնունդ» կուսակցությունը եւս չի մասնակցի ավագանու ընտրություններին:
ՕՐՕ դաշինքում էլ, ըստ տեղեկությունների, որոշում են կայացրել ընտրական այս գործընթացից հեռու մնալ:
ՀԱԿ-ՀԺԿ դաշինքն էլ, հաշվի առնելով խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ամենայն հավանականությամբ չի մասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին: Նշենք, որ դաշինքի անդամները եւս հեռախոսազանգերի չեն պատասխանում:
Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի» կուսակցությանը, ապա Փոստանջյանն ինքը հայտարարարել էր, որ անպայման մասնակցություն կունենա:
Փայլակ Ֆահրադյան