Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Քաթարի մայրաքաղաք Դոհայում կմեկնարկի բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, հաղորդում է Armsport.am-ը:
-Հայաստանը ներկայացնող 3 մարզիկներն էլ կսկսեն պայքարը 1/16-րդ փուլից: Վաղը ռինգ դուրս կգան 56 կգ քաշային կարգի, 2015 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր Արամ Ավագյանն ու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, իսկ հոկտեմբերի 7-ին մրցելույթները կսկսի 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը,- հայտնում է ՀԲՖ-ի մամուլի քարտուղարությունը:
Արամ Ավագյանը կմրցի Բելառուսիան ներկայացնող Ասանաու Դմիտրիի հետ, իսկ Բաչկովը` կորեացի Լիմ Հյունչուլի հետ: Կորյուն Սողոմոնյանի մրցակիցը կլինի Պապուա Նոր Գվինեան ներկայացնող Կիամա Չարլզը:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությանը մասնակցող հայ մարզիկների քաշային կարգերում 2 օլիմպիական ուղեգրեր են խաղարկվում 52 կգ քաշային կարգում: Եվս 3-ական ուղեգրեր կվիճարկեն 56 և 64 կգ քաշային մարզիկները: