տուն Լուրեր Զինհաշմանդամ Տիգրան Սարգսյանն աշխատանքի է անցել «Երևան իմ սեր» հիմնադրամում

Զինհաշմանդամ Տիգրան Սարգսյանն աշխատանքի է անցել «Երևան իմ սեր» հիմնադրամում

132
0

«Երևան իմ սեր» հիմնադրամն աշխատանքի է ընդունել «Հայրենիքի պաշտպան» ծրագրի մասնակից, զինհաշմանդամ 21-ամյա Տիգրան Սարգսյանին: Այս մասին տեղեկացրեցին «Երևան իմ սեր» հիմնադրամից:

«Հայրենիքի պաշտպան» ծրագրի մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր 2019 թ. հունվարի 28-ին:  Այն իրականացնում է «Երևան իմ սեր» հիմնադրամը: Նպատակն է՝ աջակցել ծառայության ընթացքում վիրավորված, հիվանդություններ ստացած զինծառայողներին՝ նրանց ուսուցանել նոր հմտություններ և ընձեռել աշխատանք ունենալու հնարավորություն:

«2017-ին Արցախում՝ Թալիշում, ծառայության ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով կորցրեցի ձախ ձեռքիս թաթի հիմնական հատվածը: Հետո այդ ձեռքս անշարժացավ»,- նշել է Տիգրանը: Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժվելուն զուգահեռ, այս տարվա մարտից նա մասնակցել է  «Հայրենիքի պաշտպան» ծրագրի առաջին փուլին: Եռամսյա դասընթացի ընթացքում սովորել է լուսանկարչություն, օպերատորություն ու համակարգչային մոնտաժ:

«Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանի որոշմամբ, Տիգրան Սարգսյանը որպես լուսանկարիչ աշխատանքի է ընդունվել «Երևան իմ սեր» հիմնադրամում: Հետագայում մասնակցելու է նաև զինհաշմանդամների համար իրականացվող ծրագրերին:

«Երևան իմ սեր» հիմնադրամը «Հայրենիքի պաշտպան» ծրագրի առաջին փուլի արդյունքներն ամփոփելու և ծրագրի հետագա ընթացքի մասին մանրամասներ է ներկայացնելու աշնանը, քանի որ ծրագրին մասնակցած տղաների մի մասը բնակվում է մարզերում և այս պահին Երևանում չէ: