Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի Մեսրոպ Մխիթարյանի անվան միջնակարգ դպրոցում երեկ՝ մայիսի 30-ին, տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի հիշատակին: Միջոցառմանը մասնակցում էին Սասունի ծնողները, որոնք ծնունդով Կաքավաձորից են, բարեկամները, ինչպես նաեւ հայրենի գյուղի հասարակությունը: Զինվորականի համազգեստով բեմ բարձրացած աշակերտները մոտ երկու ժամ տևած միջոցառման ընթացքում Սասունին նվիրված իրենց երգերով եւ բանաստեղծություններով հուզեցին ներկաներին:
«Պատմությունը կրկնվեց. քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված Սասունը շարունակեց 1993 թ. հունիսի 13-ին Մատաղիս գյուղի մոտակայքում զոված մեր մյուս հերոսի՝ Վահեի գործը: Նրա պատգամն էր «Հայրենիքը միակն է, որին պետք է տալ՝ առանց վերցնելու», եւ Սասունը հետևեց այդ պատգամին»,- մինչ միջոցառումը սկսելն ասաց դպրոցի տնօրեն Էմին Մինասյանը:
Նա հերոսի ծնողներին խոստացավ երեխաների մեջ հայրենասիրությունն ու հայրենիքի նկատմամբ սերն ավելի ամրապնդել հենց Սասունի օրինակով:
«Սասունի կիսատ թողած գործերը մեր երիտասարդները պարտավոր են ավարտին հասցնել, մենք ամեն ինչ անելու ենք, որ երեխաներն այդ ոգով դաստիարակվեն»,- հավելեց պարոն Մինասյանը:
Կաքավաձորցի Տարոն Ստեփանյանն էլ միջոցառման ավարտին շեշտեց՝ կորստի ցավն ու հպարտության զգացողությունը միախառնվել են. «Սասունի կյանքն ու գործունեությունը սկսվել է իր պապերից ստացած ժառանգական գեներով: Անմահացրեց իր անունը, ապրելու է հավերժ…»:
Շողիկ Գալստյան