Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության մաս կազմող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Շիշլի շրջանի կառույցը կազմակերպել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հիշատակման միջոցառում:
Նստացույցն ընթացել է «Առանց առերեսման ցեղասպանությունները չեն վերջանա» խորագրի ներքո: Մասնակցիները ձեռքներին պահել են 1915-ին սպանված հայ մտավորականների լուսանկարները: Տեղի է ունեցել մոմավառություն և կարմիր մեխակներով ոգեկոչվել է ցեղասպանության զոհերի հիշատակը:
HDP-ի ներկայացուցիչ Մահմութ Չավլըն կուսակցության անունից հայտարարություն է ընթերցել:
«Հայերին «տեղահանություն» անվան տակ տարել են սպանդի: Ցեղասպանությունը չի վերջացել: Հրանտ Դինքի, Սևակ Շահինի, Մարիցա Քյուչուքի սպանությունները ցեղասպանության շարունակությունն են»,- ըստ «demokrathaber» լրատվակայքի՝ ասել է Մահմութ Չավլըն:
Աղբյուրը նշում է, որ միջոցառմանը բազմաթիվ հայեր են մասնակցել:
Աղբյուր` Ermenihaber.am