տուն Լուրեր Հայոց ցեղասպանության թեմայով «Ոչնչացնելու մտադրություն» փաստագրական ֆիլմը ներկայացվել է «Էմմի» մրցանակի

Հայոց ցեղասպանության թեմայով «Ոչնչացնելու մտադրություն» փաստագրական ֆիլմը ներկայացվել է «Էմմի» մրցանակի

89
0

Հայոց ցեղասպանության թեմայով «Ոչնչացնելու մտադրություն» փաստավավերագրական ֆիլմը, որը նկարահանել է հայտնի ռեժիսոր Ջո Բերլինգերը, ներկայացվել է «Էմմի» մրցանակի՝ «Լավագույն պատմափաստավավերագրական ֆիլմ» անվանակարգում, հաղորդում է asbarez.com-ը:

«Ջո Բերլինգերի «Ոչնչացնելու մտադրություն»-ը փաստագրական ֆիլմ է, որը խորապես ներկայացնում է ինչպես Հայոց ցեղասպանության փաստերը, այնպես էլ Թուրքիայի շարունակական ժխտողական քաղաքականության միջազգային արշավը»,- հայտնել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

«Նա արժանի է «Էմմի»-ի գնահատանքին, իսկ սեպտեմբերին՝ հաղթանակին՝ ոչ միայն հիանալի մատուցված պատմության համար, այլև ցեղասպանության ժխտմանը հզոր հարված հասցնելու համար»,- հավելել է Համբարյանը:

Աղբյուրը նշում է, որ Բերլինգերն իր առջև խնդիր է դրել լույս սփռել Հայոց ցեղասպանության հարցի վրա, որի ականատեսներն ու ժառանգները մինչ օրս պայքարում են միջազգային հանրության կողմից ճանաչում ստանալու համար:

Ջո Բերլինգերի «Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմը դեռևս 2017 թվականին Լոս Անջելեսում կայացած կինոփառատոնի դափնեկիր էր դարձել։ Փաստավավերագրական ֆիլմը հիմնված է Թերի Ջորջի «Խոստումը» ֆիլմի հետազոտման վրա:

Բերլինգերը «Խոստումը» ֆիլմի շրջանակում տված հարցազրույցի ընթացքում հայտնել էր, որ փաստավավերագրական ֆիլմն ուղղված է միջազգային լսարանի համար ցեղասպանության սարսափելի հանցագործության ժխտման հետևանքներն ընդգծելուն։