Հայաստանի ծերանոցներում հայտնված մարդկանց 72 տոկոսը տանը առնվազն մեկ որդի ունի: Դա, ինչպես նշել է Հայաստանի Առողջապահության նախարարության Մայրության եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժանմունքի պետ Գայանե Ավագյանը, ապացուցում է սեռով պայմանավորված աբորտի դիմող մարդկանց կարեւորագույն փաստարկներից մեկի անհիմն լինելը. նրանք կարծում են, թե որդին աղջկանից նախընտրելի է, որովհետեւ ծեր հասակում հոգ կտանի ծնողներին:
Համեմատության համար ասենք, որ ծերանոցներում ապրող մարդկանց ընդամենը 40 տոկոսը աղջիկ ունի, նշել է մասնագետը: Ավելին, որդիների մեծ մասը ծերանոցներում ծայրաստիճան հազվադեպ է այցելում ծնողներին, ի տարբերություն աղջիկների, որոնք անհամեմատ ավելի հոգատար եւ ուշադիր են:
Դեռեւս Միացյալ Ազգերի Կազմակերպության ժողովրդաբնակչության հիմնադրամը հետազոտություն էր իրականացրել, որը ցույց էր տվել, որ Հայաստանում 100 աղջկա դիմաց 114 տղա է ծնվում, ոչ թե 105-106, ինչպես նախատեսված է բնությամբ: Կարծիք կա, որ դա տեղի է ունենում սելեկտիվ աբորտների հետեւանքով. իմանալով, որ պտուղը իգական սեռի է, որոշ զույգեր աբորտ են անում` ցանկանալով հենց տղա ունենալ: Անհնար է ճշգրիտ հաշվարկել սեռով պայմանավորված աբորտների թիվը, բայց համարվում է, որ տարեկան 29 000 աբորտից սելեկտիվ աբորտների թիվը մոտ 1400-1600 է կազմում:
Ինչու են Հայաստանում նախընտրում տղա ունենալ: Փորձագետների կարծիքով, մեզ մոտ, ինչպես եւ այլ ավանդական հասարակություններում, ակնհայտ է երեք գործոն. ցեղի շարունակություն, ունեցվածքի փոխանցում, բարեկեցիկ ծերություն. այսինքն համարվում է, որ տղան հոգ կտանի ծնողներին:
Սկզբնաղբյուր՝ news.am