Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ մեր երկրի 10 ընկերություն մեկ միասնական տաղավարով սեպտեմբերի 13-16-ը մասնակցելու են Մոսկվայում այսօր բացված «MosShoes-2016» միջազգային ցուցահանդեսին, որը կոշիկի եւ կաշվե պարագաների արտադրության Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի խոշորագույն ցուցահանդեսն է: Հայկական ընկերությունները մասնագիտացված միջազգային այս ցուցահանդեսին մասնակցում են արդեն երրորդ անգամ:
«MosShoes» 69-րդ միջազգային ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցությունը Հիմնադրամի կողմից ապահովվել է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների շրջանակում:
«Հայկական ընկերությունների մասնակցությունը կազմակերպել ենք հիմնականում արտահանման խթանման եւ հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացման նպատակով: Տարեկան այս ցուցահանդես է այցելում ավելի քան 12 000 մարդ՝ հիմնականում մեծածախ գնորդներ եւ ոլորտի մասնագետներ, եւ սա մեր արտադրողների համար նաև լրացուցիչ ճանապարհ է՝ միջազգային շուկա մուտք գործելու եւ նոր գնորդներ ձեռք բերելու համար»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը: