Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական 31-րդ համաժողովը Հայաստանում անցկացնելը շատ լավ գաղափար է, այն ֆրանկոֆոն երկրներին հնարավորություն կտա ոչ միայն կրթական ու մշակութային, այլև առևտրային հարաբերությունների զարգացման գաղափարներ քննարկել: Այս մասին NEWS.am-ին ասաց Վիետնամի փոխարտգործնախարար Դուոնգ Չի Դունգը, որը համաժողովին մասնակցելու նպատակով այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ժամանել է Հայաստան:
Վիետնամցի պաշտոնյայի խոսքով, իր երկրի կառավարությունը շատ է կարևորում Հայաստանի հետ համագործակցությունը բոլոր որոլորտներում։ Ինչ վերաբերում է առևտրային հարաբերությունները զարգացնելուն, ապա փոխնախարարի խոսքով` իրենք այժմ ուսումնասիրում են հայկական կոնյակը Վիետնամի շուկա ներմուծելու հնարավորությունները:
«Հայկական կոնյակն այնպիսի արտադրանք է, որ վստահ ենք, անպայման իր տեղը կգտնի վիետնամական շուկայում»,-ասաց փոխնախարարը:
Հայաստանում վիետնամցի պաշտոնյան հանդիպումներ կունենա նաեւ իր հայ գործընկերների հետ, որոնց ընթացքում հույս ունի ստորագրել փաստաթղթեր, որոնք կօգնեն կատարելագործել իրավապայմանագրային բազան` նոր մակարդակի բարձրացնել հայ-վիետնամական առևտրատնտեսային հարաբերությունները:
Իսկ մշակութային միջոցառումներից ամենաշատը փոխարտգործնախարարը սպասում է Շառլ Ազնավուրի համերգին, որը տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի համաժողովի միջոցառումների շրջանակում Երևանում հոկտեմբերի 10-ին:
Դոնգ Չիդունգը շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարությանը այս եւ «այսքան հարուստ մշակույթ ու ավանդույթ ունեցող եկիրը ճանաչելու» հնարավորության համար։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ից 11-ը Երեւանում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանը: Ընդհանուր առմամբ, համաժողովին մասնակցելու նպատակով Երեւան կժամանի Ֆրանկոֆոնիայի անդամ եւ դիտորդ, 5 մայրցամաքներ ներկայացնող 80 պետությունների 500 ներկայացուցիչ, որոնց մի մասը ներկայացված կլինեն արտաքին գործերի նախարարների մակարդակով։
Նախարարական հանդիպման շրջանակներում կազմակերպված է նաեւ հարուստ մշակութային ծրագիր: Որպես միջոցառումների գլխավոր մշակութային ձեռնարկ` հոկտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է Շառլ Ազնավուրի համերգը: Հայաստան են ժամանելու Ֆրանսիայից եւ Հայիթիից երաժշտական խմբեր, որոնց կատարումները նախատեսվում են Երեւանում եւ Գյումրիում:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամաերգային համալիրում, որտեղ կայանալու է նախարարական համաժողովը, նախատեսվում է Հայաստանի զբոսաշրջությունը, բարձր տեխնոլոգիաները, մշակույթը ներկայացնող տաղավարների եւ հայկական արտադրության ապրանքների ցուցահանդեսների կազմակերպում: