Հայաստանի պաշտոնատար անձանց թույլատրվել է առանց խոչընդոտի մտնել ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության Սահմանապահ ջոկատի տարածք, որտեղ գտնվում էր Վալերի Պերմյակովը։ Այս մասին մարտի 4-ի դատական նիստում ասել է Սահմանապահ ջոկատի պետի տեղակալ, պետական սահմանի պաշտպանության բաժնի պետ Դավիթ Միրզոյանը։
Վկայի խոսքով՝ հունվարի 12-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, նա 102-րդ բազայի օպերատիվ հերթապահությունից տագնապ է ստացել, որ անհետացել է զինծառայող՝ ամրակցված զենքով։ Խստացվել է սահմանի հսկողությունը, ուղարկվել են լրացուցիչ ուժեր այն տեղերում, որտեղ սահմանի հատում է հնարավոր եղել։ Նույն օրվա առավոտյան իմացել է, որ ոստիկանության, բազայի ուժերը փնտրել են զինվորին, ներգրավվել են նաեւ սահմանապահները։ Օրվա երկրորդ կեսին լրատվամիջոցներից իմացել է սպանության մասին եւ որ կասկածյալը Պերմյակովն է։ Մոտավորապես նույն ժամանակ էլ հրաման է ստացվել սահմանի հսկողությունը բոլոր ուղղություններով խստացնելու մասին։ Երեկոյան տեղեկություն է ստացվել, որ զենքն ու հագուստը գտել են Ավետիսյանների տանը։
Երեկոյան ժամը 22-23-ը անձամբ զանգահարել է ուղեկալների բոլոր պետերին, ճշտել առաջադրանքները։ Բայանդուրի պետ կապիտան Խաչատրյանը մյուսների նման զեկուցել է, որ անձամբ վերակարգ անցել հատկապես վտանգավոր ուղղություններով։ Կեսգիշերին մոտ ազդանշան է ստացվել, որ Բայանդուրի ուղեկալի մոտ՝ պոմպակայանի շրջանում, Խաչատրյանը նկատել է լապտեր եւ մարդու։ «Նրան հրամայեցի կտրուկ շարժումներ չանել։ Միջոցներ ձեռնարկել միայն արգելապատնեշներին մոտենալու եւ դրանք խախտելու դեպքում»,- նշել է վկան՝ հավելելով, որ այդ ժամանակ ինքը տանն է եղել։ Փոխել է հագուստը եւ գնացել աշխատասենյակ։ Գնալու ընթացքում զանգահարել է Խաչատրյանին, քանի որ կասկածել է, որ նրա տեսած մարդը կարող է անասուն կորցրած տեղաբնակ լինել։ Հրաման է տվել կոնկրետ քայլեր չձեռնարկել, մինչեւ չհամոզվեն, թե ով է իրենց առջեւ։
Մանրամասներն՝ այստեղ: