Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատարանը գրություն էր ստացել, որ մեղադրող Առաքելյանը անձնական խնդիրների պատճառով բացակայում է, ուստի դատարանը որոշում է կայացրել նիստը հետաձգել և նշանակել փետրվարի 13-ին ժամը 13:00-ին:
Սերժ Սարգսյանի եղբորորդու Հայկ Սարգսյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք խոսել է իր եղբոր՝ Նարեկ Սարգսյանի հետ, ով գտնվում էր հետախուզման մեջ և հայտնաբերվել էր Չեխիա մայրաքաղաք Պրահայում. Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ խոսել է և նա պահվում է լավ պայմաններում: Նա նշեց, որ Նարեկի կողմից որևէ դժգոհություն չի եղել պահման պայմանների հետ կապված:
Հայկ Սարգսյանը կալանավորվել էր հուլիսի 11-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007 թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի՝ Երևանի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի «P266» մոդելի ատրճանակով Դավիթ Աշոտի Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 1-ին մասի և 34-104-րդ հոդվածի հատկանիշներով: