Հայերը իրավունք չունեն տոնելու Բնության պահպանության միջազգային օրը. թող այս օրը տոնեն այն պետությունները, որոնք ձեռքբերումներ ունեն այս ոլորտում, իսկ մենք այս ոլորտում միայն հետընթաց ենք ապրում: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը:
«ԱԺ-ում ատոմակայանի կառուցման հարցն է քննարկվում: Չեմ ուզում վիրավորել պատգամավորներին, բայց սա հանցագործություն է: ԱԺ-ում քվերակության է դրված հանքարդյունաբերության պոչամբարները վերամշակելու մասին օրենքը, որն ընդունվելու դեպքում մենք էկոլոգիական լուրջ խնդիրներ կունենանք: Նախագիծը պետք է փորձաքննություն անցնի, որից հետո նոր կարելի կլինի խոսել դրա նպատակահարմարության մասին»,-նշեց նա:
Հանդիպման հաջորդ բանախոս «Համահայկական բնապահպանական ճակատի» համակարգող խորհրդի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանն էլ ընդգծեց, որ յուրաքանչյուր նոր մետաղական հանքավայրի բացումը և շահագործումը Հայաստանում մի շարք վտանգներ է ներկայացնում:
«Մենք դեմ ենք բոլոր տեսակի նոր մետաղական հանաքվայրերի բացմանն ու շահագործմանը Հայաստանում, եթե անգամ դրանք արվում են միջազգային նորմերի սահմաններում: Հիմա հանքարդյունաբերությունը բիզնես է դարձել, մինչդեռ ՀՀ պայմաններում չեն կարող այդ քանակությամբ հանքավայրեր գործել և, վաղ թե ուշ, դրա բացասական ազդեցությունը բնակչությունն անպայման զգալու է»,-եզրափակեց բանախոսը: