տուն Լուրեր Հայաստանյան օպերատորները թանկացումների վերաբերյալ «բացատրություններ» կտան

Հայաստանյան օպերատորները թանկացումների վերաբերյալ «բացատրություններ» կտան

99
0

новый-коллаж4-588x340

Ինչպես արդեն գրել էինք՝ դեռ փետրվար ամսվա սկզբից Հայաստանում գործող երեք օպերատորների ծառայություններից օգտվելու համար բաժանորդները ստիպված են միջնորդավճար վճարել: Կրպակներից լիցքավորման համար բաժանորդը որպես միջնորդավճար պետք է վճարի առավելագույնը 30 դրամ, իսկ լիցքավորման քարտերի համար՝ հավելյալ 50 դրամ:

Խնդրի վերաբերյալ արդեն ուսումնասիրություն էր սկսել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ ): Araratnews.am-ի հետ զրույցում ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Գայանե Սահակյանը տեղեկացրեց, որ այժմ հանձնաժողովը ստացել է այն տեղեկատվությունը, որը պահանջվել էր հայաստանյան երեք օպերատորներից. «Տեղեկատվություններն արդեն ուսումնասիրվել են և առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում քննարկում տեղի կունենա, որին հրավիրված կլինեն նաև բջջային կապի օպերատորները: Աշխատանքային քննարկման ժամանակ նրանք կպատասխանեն մեր հարցերին, որովհետև ստացված տեղեկատվությունը որոշակի հարցադրումներ է առաջացրել: Կլսենք օպերատորներին, որից հետո արդեն կկայացնենք մեր որոշումը»:

Թե ուսումնասիրությունների ընթացքում ինչ պատճառներ են ի հայտ եկել, որոնք ազդել են լիցքավորման ծառայությունների թանկացման վրա՝ Գայանե Սահակյանն այլ մանրամասներ չհաղորդեց, նշելով, որ առայժմ միայն այսքանը կարող են հրապարակել: Իրավիճակը պարզ կլինի և գնահատական կկարողանան տալ միայն օպերատորների պարզաբանումները լսելուց հետո: