ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում 2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված՝ բնագավառի ֆինանսական հատկացումների վերաբերյալ քննարկմանը հայտարարել է, որ Հայաստանում սոցիալական ապահովության ոլորտին 2020 թվականին կտրամադրվի շուրջ 486 մլրդ 905 մլն դրամ: Դա ներառում է նաև կենսաթոշակների արդեն հայտարարված բարձրացման գումարը: Ինչպես հայտնում է Արմենպրես»-ը, այսպահի դրությամբ մշակվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքի ճանաչման մասին» օրենքի նախագիծ, որը, նախարարի հավաստմամբ, բնագավառը խորքային փոփոխության է ենթարկելու: Նրա հավաստմամբ՝ կարիքի գնահատման գործընթացն արդեն մեկնարկել է: Պատրաստվել է նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագիծ, որով հստակ սահմանվել են նրանց իրավունքները. դրույթներից մեկով լուծվում է տրանսպորտի և շինությունների ու այլ վայրերի մատչելիության խնդիրը: Օրենքի պահանջը չապահովելու համար նախատեսվել է տուգանք:
Զարուհի Բաթոյանը նշել է, որ նախարարության առաջնահերթություններից է նաև տարեցների խնամքի համայնքային ծառայությունների զարգացումը: