«Եթե Հայաստանը չգտնվեր այս տարածաշրջանում եւ ներգրավված չլիներ սպառազինությունների մրցավազքի մեջ մի երկրի հետը, որը հանդիսանում է գազի եւ նավթի արտահանող, ապա ես կասեի՝ Հայաստանի զինված ուժերի տեխնիկական համալրումը՝ համեմատած բնակչության, տարածքի, տնտեսական պոտենցիալի հետ, աշխարհի մակարդակով որեւէ անալոգ չունի»,- այս մասին Araratnews.am-ին ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, երբ հետաքրքրվեցինք, թե 1990-ականներից հետո սպառազինության ոլորտում ի´նչ կարեւոր ձեռքբերումներ է ունեցել Հայաստանը:
Մինասյանը միաժամանակ ընդգծեց՝ այս 25 տարիների ընթացքում Հայաստանը ստիպված է եղել մրցակցել մի երկրի հետ, որը միլիարդավոր դոլարներ է ծախսել սպառազինության վրա:
«Հայաստանը, սակայն, օգտագործելով ե՛ւ արտոնյալ ռազմատեխնիկական համագործակցությունը դաշնակից երկրների, առաջին հերթին` Ռուսաստանի, ե´ւ ռազմարդյունաբերական համալիրի այն հնարավորությունները, որոնք կային դեռ սովետական շրջանում եւ որոշ չափով զարգացվել են արդեն հետխորհրդային շրջանում, կարծում եմ՝ ունի աննախադեպ տեխնիկական պոտենցիալ»,- վստահեցրեց քաղաքագետը:
Բացի դա, Մինասյանը հիշեցրեց՝ կան զինատեսակներ, որոնց պարագայում Հայաստանը հանդիսանում է միակ արտաքին ձեռք բերողը:
«Օրինակ` դա «Իսկանդեր» հրթիռներն են, որոնք «Իսկանդեր» են, այսինքն՝ էքսպորտային տարբերակը: Հայաստանը առաջին երկիրն է, որն ունի այդ հրթիռային համալիրները, որոնք ֆորմալ ձեւով անվանվում են օպերատիվ- մարտավարական, բայց Հարավային Կովկասի շրջանակում, կարելի է ասել՝ ռազմավարական զենք է»,- մանրամասնեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրենը, նկատելով, որ «Իսկանդերը» ամենատեսանելի եւ արդիական զենքն է, որը Հայաստանը ձեռք է բերել:
Նրա խոսքով՝ Հայաստանի զինված ուժերն ունեն նաեւ հեռահար այլ հրթիռային համակարգեր, որոնք գուցե այդքան էլ նոր չեն, բայց բավական լուրջ դեր են խաղում:
«Դրանք «Սկադ» օպերատիվ-մարտավարական հրթիռներն են, «Տոչկա» եւ «Տոչկա-Ու» տակտիկական հրթիռները, «Սմերչը» եւ այլն»,- շարունակեց Մինասյանը:
Քաղաքագետը նաեւ նկատեց, որ թեև մեր հրետանային համալիրն այնքան էլ ժամանակակից չէ, բայց երկար տարիներ շահագործման մեջ լինելով՝ փորձված է եւ հուսալի:
«Այս առումով բավական լուրջ դեր են խաղում նաեւ զինված ուժերը, ունենք պատրաստված սպայական կազմ: Հրթիռահրետանային զորքերը մեր բանակի գլխավոր կրակային ուժն են»,- ընդգծեց Սերգեյ Մինասյանը:
Մինասյանն առանձնացրեց եւս մեկ կարեւոր հանգամանք՝ հակաօդային պաշտպանության համակարգը. «Կարելի է ասել, որ հեռահար զենիթահրթիռային համալիրներով, այդ թվում՝ Ս-300-ի քանակով, Հայաստանն ունի ամենամեծ հագեցվածությունը հենց այս եւ այլ տեսակների հակաօդային միջոցներով, ինչն արդյունք է ինչպես Ռուսաստանի հետ համագործակցության, այնպես էլ Հայաստանի սեփական ռազմարդյունաբերական համալիրների արդիականացման»:
Կովկասի ինստիտուտի փոխտնօրենը նաեւ ասաց, որ վերջին տարիներին Հայաստանն ակտիվորեն զարգացնում է անօդաչու սարքերի արտադրությունը, որոնք ռազմական գործում գլխավոր տեխնիկական նորություններից են:
«Մենք ունենք ոչ միայն հետախուզական եւ հրետանային կրակը համակարգող անօդաչու սարքեր, այլ նաեւ Հայաստանում շուտով շահագործման կհանձնվեն հարվածային անօդաչու սարքեր»,- եզրափակեց Միասյանը: