«Ելք» դաշինքի անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակներում գտնվում են Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Դաշինքը գլխավորող Էդմոն Մարուքյանը, Նիկոլ Փաշինյանն ու Արամ Սարգսյանը հանդիպումներ են ունենում ընտրողների հետ, ներկայացնում իրենց նախընտրական ծրագիրը:
Փաշինյանը ելույթ ունենալով ասաց, որ մի շարք հանդիպումներ են ունեցել, որոնք անցել են ջերմ մթնոլորտում: «Մենք հույս ունենք, որ այս ամենը պայմանավորված է նրանով, որ մեր ասելիքը տեղ է հասել, եւ մեզ լսում են»,- ասաց Փաշինյանը` խոսափողը փոխանցելով Էդմոն Մարուքյանին: Վերջինս էլ ասաց, որ իրենք շրջում են մարզից մարզ, որպեսզի բոլորին փոխանցեն, որ ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների ժամանակ յուրաքանչյուր ոք, կատարելով իր քվեն, կարող է փոփոխություններ բերել: «Ելքը» միակ ուժն է, որը ձեւավորվել է գաղափարական հենքի վրա, եւ միակ ուժն է, որը ներկայացնում է ՀՀ քաղաքացիներին այնպիսին, ինչպիսին իրենք կան: Հայաստանում իրականում պայքար է տեսակների միջեւ»,- հայտարարեց Մարուքյանը:
Մարուքյանն ասաց, որ իրենք միավորվել են երկրում մի բան փոխելու համար, միավորվել են հասարակության պահանջով: «Մի բան փոխելու համար ներկայացրել ենք ծրագիր, մի բան փոխելու համար մեր տեսակներն ու արժեքները ձեր դատին ենք ներկայացնում: Հիմա դուք ձեր մի ձայնով ցույց եք տալու, որ դեմ եք թալանին, կամ ցույց եք տալիս, որ ամեն ինչ նորմալ է»,- նկատեց պատգամավորը: Ըստ նրա` «Ելք» դաշինքը միակ ուժն է այս պահին, որը երբեք չի եղել իշխանության մաս: Մարուքյանը կոչ արեց ապրիլի 2-ին առանց հապաղելու գնալ ընտրության եւ ընտրել «Ելք» դաշինքին: Մարուքյանը հայտարարեց, որ երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք կա: «Կա ելք, եւ այդ ելքը «Ելք» դաշինքն է»,- ասաց Մարուքյանը` վանկարկելով, որ ելք կա: Հավաքվածները միացան պատգամավորի կոչին: