ՁԻԱՀ-ի միջազգային օրվան ընդառաջ Հայաստան են այցելել ՄԱՁԻԱՀ- ի բարի կամքի դեսպան Վերա Բրեժնևան, ՄԱՁԻԱՀ-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տաարածաշրջանային գրասենյակի տնօրեն Վինեյ Սալդանան: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին Սալդանան ասաց, որ Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում պետք է լինի առաջին երկիրը, որը կկասեցնի ՄԻԱՎ-ի համաճարակը մինչև 2020թ.:
«Միշտ թվում է, թե ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեպքում բավական դժվարություններ կան, սակայն պետք է ասեմ, որ Հայաստանում իրավիճակը շատ ավելի լավ է»,- ասաց նա:
ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանն իր երախտագիտությունը հայտնեց Վինեյ Սալդանային ու բարի կամքի դեսպանին Հայաստան կատարած այցի, ինչպես նաև` միջազգային գործընկերների կողմից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրին ցուցաբերած օժանդակության համար: «Հայտնում ենք մեր պատրաստակամությունը բազմակողմանիորեն աջակցել այդ հիվանդության դեմ պայքարին ուղղված բոլոր նախաձեռնությունների իրականացմանը:
ՄԱՁԻԱՀ-ի գնահատականներով` Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ավելի քան 1.1 մլն մարդ ապրում է ՄԻԱՎ-ով: Ամեն տարի այս թիվն աճում է շուրջ 11 հազարով:
ՀՀ-ում ՄԻԱՎ- ի դեպքերի գրանցումն սկսվել է 1988թ.: 1988-2014թթ. հոկտեմբերի 31 ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ-ի 1906 դեպք: 2012-2013թթ. գրանցված դեպքերի շուրջ 75 տոկոսը կապված է միգրացիայի հետ: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը ցույց է տալիս, որ Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մոտավոր քանակը 3700 է: