տուն Լուրեր Հայաստանում կսկսի գործել նոր ավիափոխադրող ընկերություն

Հայաստանում կսկսի գործել նոր ավիափոխադրող ընկերություն

221
0

airlines

Հայաստանում նոր ավիափոխադրող է հայտնվելու: Այսօր այս մասին լրագրողներին հայտնել է ընկերության հիմնադիր տնօրեն Արարատ Սարգսյանն, ով նաև «Արմավիա» ընկերության առաջին տնօրենն է եղել:

Նա հայտնել է, որ «Ալյանս» ավիաընկերությունը հիմնադրել է 2014 թվականի ապրիլին: Ինքնաթիռներն արդեն իսկ ձեռք են բերվել, սակայն դեռևս Մոսկվայում են: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը երկու օր առաջ է տրամադրել շահագործողի վկայականը: Նոր ընկերության տնօրենն այժմ ինքնաթիռներիˋ Երևան տեղափոխմամբ է զբաղված:

«Ալյանս»-ը չվերթները կսկսի 2016թ. մարտի 27-ից, որովհետև ամառային չվացուցակն այդ ժամանակվանից է սկսվում: Նա վստահեցրել է. ավիաընկերությունը շատ բարձր գներ չի սահմանի:

Գրանցված ավիաընկերությունները շատ են: Դրա համար շատ բան անհրաժեշտ չէ,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռուբեն Գրդզելյանը:

Մեզ հետ զրույցում նա ասաց, որ Հայաստանում այսօր գրանցված է մինչև մեկ տասնյակ ավիաընկերություն, սակայն դրանց մեծ մասն իրականացնում են բեռնափոխադրումներ: Ներկայում բոլոր ուղևորատար ավիափոխադրողները արտասահմանյան ընկերություններ են:

«Հայաստանը ողջունում է ցանկացած արտասահմանյան և հայկական ավիաընկերության մուտքը հայկական շուկա»,- ասաց Ռուբեն Գրդզելյանը:

Նշենք, որ ազգային ավիափոխադրողներից «Արմավիա»-ն նախորդ տարի սնանկ ճանաչվեց: 2014 թվականին Հայաստանում գործող միակ ավիափոխադրողը «Էյր Արմենիա»-ն էր, որը ևս այս տարի սկսել է զբաղվել միայն բեռնափոխադրումներով:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել «Հայաստանի Հանրապետությունում մրցունակ և կայուն ավիափոխադրումների ծառայությունների մատուցման ծրագրի և ծրագրի իրականացման միջոցառումների մասին», որով հռչակվել է քաղաքացիական ավիացիայի և օդային հաղորդակցության ոլորտում Հայաստանում բաց երկնքի քաղաքականությունը: