Կառավարությունը մտադիր է վերանայել գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականությունը։ Դրանով ըստ էության Հայաստանում մեկնարկում է սոցիալական սակագների ինստիտուտի ներդրման գործընթացը։ Կառավարության սեպտեմբերի 15-ի նիստում դիմելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, էներգետիկայի եւ բնական պաշարների, առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարարներին վարչապետ Կ. Կարապետյանը հանձնարարեց սկսել այդ աշխատանքները։
Վարչապետի հայտարարության համաձայն, սակագնային քաղաքականության վերանայումը վերաբերելու է սոցիալական անապահով խավերի համար էներգակիրների էժանացմանը։ Այն ակնկալվում է իրականացնել ի հաշիվ այլ սպառողների։ Դա նշանակում է, որ սակագնային նոր քաղաքականության դիմաց պետական բյուջեն ոչ մի նոր պարտավորություն չի պատրաստվում ստանձնել։ Թեեւ դրա հնարավորությունները եւս չափազանց փոքր են։
Էներգակիրների սակագների ազդեցությունը սոցիալական անապահով խավերի համար մեղմելու նպատակով անշուշտ նախկինում առանձին մոտեցումներ կիրառվել են։ Այդպես եղավ նաեւ նախորդ սակագնային տարում, երբ կառավարությունը ստանձնեց սպառողների որոշ խմբերին սպառված էլեկտրաէներգիայի դիմաց փոխհատուցում տրամադրելու պարտավորությունը։ Այս անգամ մոտեցումը կարծես բոլորվին այլն է։
Ըստ էության ակնկալվում է կիրառել տարբերակված սակագներ՝ սպառողների տարբեր խմբերի համար։ Պետք է ենթադրել, որ հասարակության անապահով խավերի համար, որոնք ավելի քիչ հոսանք կամ գազ են օգտագործում, սակագները կլինեն անհամեմատ ցածր։
Սոցիալական սակագների ինստիտուտի ներմուծման անհրաժեշտություն Հայաստանում անշուշտ վաղուց էր հասունացել։ Հասարակության եկամուտների խիստ բեւեռացման պայմաններում դա կարող է լինել անհամապատասխանությունը թուլացնելուն ուղղված կարեւոր քայլերից մեկը։ Այն էական ազդեցություն կունենա նաեւ անապահով խավերի սոցիալական պայմանների մեղմացման վրա։ Գաղտնիք չէ, որ վերջիներիս եկամուտների զգալի մասը ուղղվում է սպասարկման ծառայությունների, մասնավորապես սպառված էներգակիրների դիմաց վճարումների կատարմանը։
Թե երբվանի՞ց է կառավարությունը մտադիր կիրառել սակագնային նոր քաղաքականությունը, առայժմ դժվար է ասել։ Ամեն դեպքում, մինչ այդ դեռ պետք է ճշգրտվեն սկզբունքները։
Մյուս կողմից՝ նոր սակագների կիրառման առումով կարծես կան նաեւ օրենսդրական սահմանափակումներ։ Օրենքը թույլ է տալիս դրանք վերանայել գործողության մեջ մտնելուց միայն վեց ամիս հետո։ Հիշեցնենք, որ գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագները կիրառության մեջ են մտել հուլիս-օգոստոս ամիսներին։
Ինչեւէ, այս փուլում սոցիալական խմբերի համար գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների նվազեցում կառավարությունը փորձում է իրականացնել ներքին ռեսուրսի հաշվին։ Սակայն չի բացառվում, որ առաջիկայում կառավարությունը քայլեր ձեռնարկի հասնելու նաեւ գազի ներմուծման էժանացմանը։ Մի բան, ինչն անշուշտ լրացուցիչ հնարավորություն կլինի էներգակիրների սակագների նվազեցման համար։
Ն.ՍԱՐԳՍՅԱՆ