տուն Լուրեր Հայաստանում կհիմնվի վերելակներ արտադրող գործարան

Հայաստանում կհիմնվի վերելակներ արտադրող գործարան

112
0

1292795_803015223128029_8822507998982374248_o

Մինչև 2018 թվականը Հայաստանում կհիմնվի վերելակներ արտադրող գործարան: «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում սեպտեմբերի 18­ին համագործակցության հուշագիր ստորագրեցին «Էյ Դի Էյ Թեք» ՍՊԸ–ն և Չինաստանի «Կոյո» վերելակաշինական գործարանը: «Արմենպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կազմակերպությունները համագործակցելու են տարբեր ուղղություններով` այդ թվում իրականացնելու են գործարանի ստեղծմանն ուղղված աշխատանքներ: «Չինական կազմակերպությունը պարտավորվում է հիմնել Հայաստանում «Կոյո» կազմակերպության առևտրային ներկայացուցչություն` ի դեմս «Էյ Դի Էյ Թեք» ՍՊԸ­ի: Վերջին մի քանի տարվա ընթացքում մենք սերտ համագործակցել ենք ընկերության հետ, Հայաստանում տեղադրած վերելակներ կան, մեծ հաջողությամբ շահագործվում են: Մեր շինարարական կազմակերպությունն այս պահին իրականացնում է ՀՀ Նախագահի սոցիալական բնույթի շենքերի կառուցման նախագիծ, և հենց այնտեղ տեղադրում ենք մեր գործընկեր կազմակերպության վերելակները»,­նշեց «Էյ Դի Էյ Թեք» ՍՊԸ տնօրեն Վահրամ Մելքումյանը: Նրա խոսքով` վերելակաշինության զարգացումը ֆինանսական մեծ հաջողություններ կբերի հայկական կողմի համար: «Համագործակցության սկիզբը տեղի կունենա մասնագետների վերապատրաստմամբ: Մեր մասնագիտական կարողությունները չեն զիջում որևէ երկրի կարողություններին, հուսով ենք` լավ համագործակցություն կստացվի: Այս պահին չեմ ցանկանա նշել, թե որտեղ է լինելու գործարանը, որովհետև վերջնական պայմանավորվածություն դեռ չկա: Հիմնվելու է ոչ Երևանում»,­հավելեց Վահրամ Մելքումյանը: «Կոյո» վերելակաշինական գործարանի սեփականատեր­տնօրեն Նենսի Ժանգը շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը և «Էյ Դի Էյ Թեք» ՍՊԸ­ին` իրենց համագործակցության նման հնարավարություն ընձեռելու համար: «Էյ Դի Էյ Թեք» ՍՊԸ­ի հետ 9 տարի ենք աշխատում, Հայաստան է ներմուծվել մոտ 100 վերելակ: Հայաստանն առևտրական իմաստով շատ նպատակային երկիր է` հաշվի առնելով, որ այն ԵՏՄ­ին է անդամակցում: Հայաստանից մենք կարող ենք մուտք գործել Իրանի և Եվրոպայի շուկա»,­նշեց Նենսի Ժանգը: «Կոյո» վերելակաշինական գործարանի սեփականատեր­տնօրենը շեշտեց, որ իրենք նպատակ ունեն նաև մասնագետների վերապատրաստում իրականացնել,: «Նպատակ ունենք Հայաստանում կառուցել վերելակների արտադրության ձեռնարկություն, մինչև 2018 թվականը նախապատրասատկան աշխատանքներ կան, պատրաստելու ենք որակյալ մասնագետներ: 2018­ին կսկսենք ապրանքն արտահանել նախկին ԽՍՀՄ և Եվրոպական շուկա»,­հավելեց նա: Հուշագրով «Կոյո» ընկերությունը ՀՀ­ում հիմնում է առևտրային ներկայացուցչություն, ի դեմս «Էյ Դի Էյ Թեք» ընկերության: Նշված ընկերությունն ունի կառուցապատման ընթացիկ լայնածավալ ծրագրեր և արտադրական, շինարարական ենթակառուցվածքներ: Վերելակներ արտադրող գործարարանի հիմնադրումը հնարավորություն կընձեռի մատչելի գնով բավարարել Հայաստանի ներքին շուկայի պահանջարկը, կապահովի վերելակային տնտեսության ժամանակակից պահանջներին համապատասխան սպասարկումը և կխթանի պատրաստի արտադրանքի արտահանումը: Կառույցի հիմնման համար կպահանջվի 5 միլիոն դոլարի ներդրումներ և կստեղծվի մոտ 120 աշխատատեղ: