Ռազմական ոստիկանության ստորաբաժանումները ձևավորվում են Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայում. այս մասին լրագրողներին հաղորդել են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից` news.rambler.ru-ի փոխանցմամբ:
Ավելի վաղ Գյումրիում տեղակայված ՌԴ զինված ուժերի ռազմական բազայում կարգը պահպանելու համար առանձնացվում էին առանձին պարեկախմբեր, սակայն դրանց մեջ մտնող զինծառայողները հատուկ պատրաստականություն չունեին: Այսօր ստեղծվող ջոկատները կհամալրվեն մասնագետներով, որոնք ռազմական ոստիկանության ուսումնական կենտրոնում անցել են նախապատրաստում:
«Զինվորական կարգապահության, ճանապարհային երթևեկության անվտանգության և օբյեկտների պահպանության համար զինվորական կայազորում ձևավորվում են ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ: Անձնակազմը հատուկ հանդերձանք կստանա և հագեցած կլինի հաստիքային սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և հատուկ միջոցներով»` նշվում է հաղորդագրությունում:
Բացի Գյումրիի 102-րդ ռազմաբազայում ոստիկանության ջոկատներից, ամռան սկզբին նախատեսվում է նաև ռազմական ոստիկանության մեկ այլ ստորաբաժանում ստեղծել Երևանի զինվորական կայազորում: