Հույները Հայաստանում բնակվում են շուրջ 260 տարի: Այս տարիների ընթացքում նրանք համահունչ են ապրել տեղացիների հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Հայաստանում հունական համայնքի մասին, նման կարծիք հայտնեց «Իլիոս» հույների համայնքի ՀԿ նախագահ Սլավա Ռաֆայելիդիսը:
«Ըստ պաշտոնական տվյալներիˋ Հայաստանում բնակվում է 12 հազար հույն, բայց մեր ներքին վիճակագրության համաձայնˋ հույների թիվը հասնում է 1500-ի, իսկ դեսպանատան տվյալների համաձայնˋ 2500-ի, որովհետև այստեղ ներառված են նաև խառն ամուսնությունները: Հույների ամենամեծ համայնքը Լոռու մարզում է: Հունական համայնք կա նաև Ալավերդում և Հրազադանի գյուղերից մեկում»,-նշեց նա:
Խոսելով համայնքի ձեռքբերումներիցˋ Սլավա Ռաֆայելիդեսը հատկապես կարևորեց համայնքի եռալեզու թերթի և հանրապետությունում հունական թեքումով դպրոցի առկայությունը: «Իմ երեխաները ևս ավարտել են այս դպրոցը, և ուրախ եմ, որ բացի հույներից, այստեղ սովորում են նաև հայ երեխաներ: Ինձ ուրախացնում է նաև այն հանգամանքը, որ Բրյուսովի անվան համալսարանում կա հունական կենտրոն, որտեղ կարելի է գտնել մի շարք հունալեզու գրքեր»,-նշեց բանախոսը:
Ինչ վերաբերում է հունական համայնքի խնդիներին, ապա հույների համայնքի ՀԿ նախագահը նկատեց, որ հույն համայնքում խնդիրներ չկան, դրանք փոքրիկ են և աննշան: Ինչ վերաբերում է արտագաղթին, ապա դրա հիմնական պատճառը բանախոսի գնահատմամբˋ սոցիալ-տնտեսական անբավարար վիճակն է:
Բանախոսը կարևորեց նաև այն խնդիրը, որ ՀՀ ԱԺ-ն հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող նախագծի ընդունմամբ են հանդես եկել: Սլավա Ռաֆայելիդեսը հույս հայտնեց, որ մինչև ապրիլի 24-ը նախագիծը կընդունվի:
Վարդուհի Ստեփանյան