տուն Լուրեր Հայաստանում Ավստրալիայի նոր դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին

Հայաստանում Ավստրալիայի նոր դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին

70
0

45218

Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի Միության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Փիթեր Թեշը (նստավայրը՝ Մոսկվա):

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նա մեր երկրում իր դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում ջանք չի խնայի հետեւողականորեն զարգացնելու Հայաստանի եւ Ավստրալիայի միջեւ բարեկամական հարաբերությունները: Հաջողություններ մաղթելով դեսպան Թեշին՝ Սերժ Սարգսյանը հավաստիացրել է, որ Հայաստանի պետական ատյանները համակողմանի աջակցություն կցուցաբերեն հայ-ավստրալիական կապերի ամրապնդմանն ուղղված դեսպանի գործունեությանը:

Հայ-ավստրալիական հարաբերություններին նոր որակ եւ բովանդակություն հաղորդելու նպատակով երկուստեք կարեւորվել են բարձրաստիճան փոխայցելությունները, տարբեր մակարդակներով կանոնավոր շփումները, այդ թվում՝ միջխորհրդարանական ձեւաչափով, միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ ու սերտ փոխգործակցությունը, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում տնտեսական հարաբերությունների զարգացումը:

Դեսպան Փիթեր Թեշը դրվատանքով է խոսել Ավստրալիայի մեծաթիվ հայ համայնքի մասին՝ ընդգծելով, որ հայերն իր երկրում լավագույնս ինտեգրվել են հասարակական-քաղաքական կյանքում եւ իրենց նպաստն են բերում տարբեր ոլորտների զարգացմանը՝ միաժամանակ նպաստելով հայ-ավստրալիական բարեկամության ամրապնդմանը: