տուն Լուրեր Հայաստանում առաջին անգամ կբեմադրվի «Մարիա Վոլկոնսկայայի հիշապատումները» կամերային մոնո օպերան

Հայաստանում առաջին անգամ կբեմադրվի «Մարիա Վոլկոնսկայայի հիշապատումները» կամերային մոնո օպերան

107
0

unnamed

«Տաղարան» համույթը նախաձեռնել է «Մարիա Վոլկոնսկայայի հիշապատումները» («Записки Марии Волконской»)  կամերային մոնո օպերայի բեմադրումը: Մոնո օպերան եզակի է իր տեսակի մեջ, որովհետև Հայաստանում նման նախադեպ չի եղել:  Մոնո օպերայի հեղինակը մշակույթի վաստակավոր գործիչ Էդուարդ Սադոյանն է, իսկ Մարիայի դերում հանդես կգա միջազգային մրցույթների դափնեկիր Էկա Հորստկան:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սեդրակ Երկանյանը նշեց, որ մոնո օպերայի բեմականացման մտադրություն ունեցել է շատ վաղուց:

«Մոնո օպերայի վրա սկսել եմ աշխատել դեռևս  նախորդ տարի աշնանը: Կարող եք հարցնել, ինչո՞ւ հենց Վոլկոնսկայան: Գիտեք, երբ  ուսումնասիրում էի հուշապատումները, դրանցում  ինձ գրավեց 20-21-ամյա մանկամարդ, երիտասարդ կնոջ  զոհողությունը, նրաˋ անձնազոհության գնալու մղումը: Ես հայ պատմությունից էլ գիտեմ դեպքեր, երբ հայ կանայք քաջագործություննրի ու սխրանքների են գնում, բայց Մարիան առանձնացավ նաև իր տարիքի առումով: Նա նվիրվածության այնպիսի աստիճան դրսևորեց, որ թողնելով ամեն ինչˋ ուղևորվեց դեպի անհայտները աքսորված իր ամուսնուն գտնելու»,-նկատեց համույթի գեղարվեստական ղեկավարը:

Լրագրողների կողմից առաջադրված այն հարցին, թե արդյոք տեղին է Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ միջոցառումներում առաջնահերթությունը Վոլկոնսկայայի հուշապատումներին տալ, բանախոսը պատասխանեց. «Եթե ամեն ինչ կապենք 100-ամյակի հետ, ուրեմն ոչ մի այլ բան չպետք է անենք: Կարծում եմˋ սա ճիշտ չէ: Արվեստագետը միշտ գիտի, երբ անդրադառնա իր մեջ հասունացած նյութին: Կարևոր է որպեսզի ամեն ինչ ներսից բխած լինի»:

Մարիայի դերակատար Էկա Հորստկան ընդգծեց, որ իր համար Վոլկոնսկայայի կերպարը դեռևս մինչև վերջ բացահայտված չէ և դժվար էլ թե բացահայտվի: «Սա մեծ պատասխանատվություն է ինձ համար, քանի որ շատերն են գերվել այդ կերպարից, այդ թվում և Պուշկինը: Ես ինքս ինձ հետ երբեմն հակասությունների մեջ եմ ու չգիտեմ ինչպես մեկնաբանել այս կերպարը: Սա տիեզերական կերպար է»,-նկատեց Հորստկան:

Նշենք, որ մոնո օպերայի բեմադրությունը տեղի կունենա մարտի 27-ին, Կամերային երաժշտության տանը:

 

Վարդուհի Ստեփանյան