Հայաստանի արտաքին պարտքը կազմում է 5 միլիարդ 79 միլիոն դոլար: Այս մասին, այսօր ԱԺ-ում բյուջեի նախորդ տարվա կատարողականը ներկայացնելիս նշեց ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: «2015 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ արտաքին պետական պարտքը կազմել է 2,088.5 մլրդ դրամ կամ 4,317.3 մլն ԱՄՆ դոլար: Պարտքի հիմնական մասը` 1,858.1 մլրդ դրամը ՀՀ կառավարության պարտավորություններն են, 230.4 մլրդ դրամը` ՀՀ կենտրոնական բանկի վարկային պարտավորությունները: Հաշվետու տարում ՀՀ արտաքին պետական պարտքի սպասարկումը կազմել է 391.1 մլն ԱՄՆ դոլար, որից 355.9 մլն ԱՄՆ դոլարը` կառավարության և 35.2 մլն դոլարը` ԿԲ պարտավորությունների գծով»,- նշեց Ջանջուղազյանը:
«Ուզում եմ անդրադառնալ պարտքի բեռի հետ կապված մտահոգություններին: Ուզում եմ տեղեկացնել, որ պարտքի բեռը կիրառելու համար կիրառվում են միջազգայնորեն ընդունված ցուցանիշներ: Դրանց համաձայն, մեկ ձևակերպմամբ ասեմ, որ Հայաստանը շարունակվում է գնահատվել որպես նվազ պարտքի բեռ ունեցող երկիր»,- նշեց Ատոմ Ջանջուղազյանը:
Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ սա ամենևին չի նշանակում, որ իրենք չեն գնահատում պետական պարտքի ռիսկերը, ռիսկերի հետ կապված զարգացումները: