Իրանի դեմ պատժամիջոցների վերացումն ի՞նչ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար: Այս և այլ թեմաների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Ըստ տնտեսագետի՝ ԱՄՆ-ի և Եվրոպական երկրների կողմից Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը դրական երևույթ է հատկապես Հայաստանի համար.«Ելնելով այն հանգամանքից, որ Իրանը ինքնաբավ, շատ լուրջ, հավասարակշռված քաղաքականություն վարող երկիր է և պատմության մեջ չի եղել այնպիսի դեպք, որ հայերին վնասներ պատճառած լինի, ավելին՝ այսօրվա դրությամբ իր հավասարակշռված քաղաքականությամբ նայում է հեռանկարին, թե ընդհանուր առմամբ, զարգացումների հետևանքով մասնավորապես Հայաստանի Հանրապետությունն ինչ մոտեցումներով հանդես կգա հետագա համագործակցության առումով, մեզ համար չափազանց կարևոր պետք է լինի, որովհետև մեր անմիջական հարևանն է»:
Բոստանջյանի կարծիքով՝ Հայաստանն Իրանի հետ համագործակցության մինչև այն սահմանները կարող է շարժվել, որոնց հետ կհամաձայնի Ռուսաստանի Դաշնությունը.«Հասկանալի է իհարկե, որ ազդեցության առումով, մենք գտնվում ենք Ռուսաստանի ազդեցության տիրույթում և այդ առումով չեմ կարծում, որ Ռուսաստանը պետք է հրճվանքի մեջ լինի Հայաստանի Իրանի հետ հարաբերությունների պարագայում: Կարծում եմ, որ գոնե տեսանելի հեռանկարում Ռուսաստանը կարող է միայն լուռ համաձայնել այն համագործակցության տիրույթների հետ, որոնք իրեն չեն խանգարի, որոնք Հայաստանին չեն հզորացնի և որոնք մեր երկրի ցանկությունները դեպի ավելի հարավ չեն տանի: Այս դեպքում Հայաստանը պետք է ունենա շատ նուրբ, ոսկերչական դիվանագիտություն, որը ես կարծում եմ՝ մեզ չի հաջողվի»:
Ինչ վերաբերում է ռուբլու փոխարժեքի տատանումներին՝ տնտեսագետը նշեց.«Ռուբլու փոխարժեքի տատանումները շատ են խանգարում Հայաստանին: Ռուբլու փոխանակման կուրսն ահավոր գահավիժեց, և այս պարագայում, հասկանալի է, որ կոլապսային մի երևույթ է ռուսական շուկայում տիրում, որի մասին չեն ուզում թաքցնել անգամ բարձր իշխանությունները: Այս դեպքում Հայաստանի արտաքին կապերի 85 տոկոսը Ռուսաստանի հետ է, և եթե Ռուսաստանում տիրում է խոցելի վիճակ, այդ նույնը տեղայնացնվում է ՀՀ-ի կտրվածքով»: