Երկրորդ ամառն անընդմեջ Հայաստանն առավել մեծ ժողովրդականություն վայելող արտասահմանյան ուղղությունն է դարձել ռուսաստանցիների համար. միջին հաշվով գնված բոլոր ավիատոմսերի 8,5 տոկոսը բաժին է ընկնում մեր երկրին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են ճանապարհորդությունների պլանավորման OneTwoTrip ծառայության անցկացրած հետազոտության տվյալները, որը պատրաստվել է ՏԱՍՍ-ի համար:
Առաջատարների թվում են նաեւ Իտալիան եւ Թուրքիան, որոնք մեկ տարի առաջ զբաղեցնում Էին հինգերորդ եւ տասներորդ տեղը համապատասխանաբար: Ընդ որում ավելի վաղ թոփ-3-ում Էր նաեւ Վրաստանը, որի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը դադարեցվեց 2019 թվականի հուլիսի 8-ին: Այս սեզոնում Վրաստանին հաջողվել է վարկանիշի հինգերորդ տեղն զբաղեցնել հունիսին գրանցված տուրիստական մեծ հոսքի շնորհիվ»,- նշվում է հետազոտության մեջ:
Ժողովրդականություն վայելող արտասահմանյան ուղղությունների տասնյակում տեղ են գտել նաեւ Իսպանիան, Ուզբեկստանը, Գերմանիան, Տաջիկստանը, Ֆրանսիան եւ Ղրղզստանը: