տուն Լուրեր Հայաստանն առաջին անգամ մասնակցել է Գյոտեբորգի գրքի միջազգային փառատոնին

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է Գյոտեբորգի գրքի միջազգային փառատոնին

78
0

12039112_1194810203878507_5687071923000485820_o

Շվեդիայի Գյոտեբորգ քաղաքում սեպտեմբերի 24-ին մեկնարկել է գրքի միջազգային փառատոնը, որն ամեն տարի ունենում է հարյուր հազարավոր այցելուներ. տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:
Այս տարի փառատոնում առաջին անգամ ներկայացվել է Հայաստանն` առանձին տաղավարով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Տաղավարում ներկայացվել են վերջին տարիներին Հայաստանում և, առհասարակ, հայերի մասին հրատարակված գրականությունը՝ Ցեղասպանության թեմայով հայերեն, շվեդերեն, անգլերեն, թուրքերեն և այլ լեզուներով գրականության առանձին ցուցադրությամբ։
Հայկական տաղավարի շրջանակներում սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել «1915թ. Հայոց ցեղասպանությունը. ժամանակակից հեռանկարներ և վերլուծություն» խորագրով սեմինարը։ Ելույթ են ունեցել Լյունդի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Կլաս Յորան-Կարլսոնը, ով հեղինակել է Ցեղասպանության վերաբերյալ «Ովքեր անմեղ են այսօր, կարող են մեղավոր դառնալ վաղը» գիրքը, միջազգային իրավունքի պրոֆեսոր Օվե Բրինգը և «Հայոց ցեղասպանությունը շվեդերի աչքերով» գրքի հեղինակ Յորան Գյունները։
Սեպտեմբերի 24-ին փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել միսիոներուհի Ալմա Յոհանսոնի վերաբերյալ շվեդ գրող և լրագրող Յաննե Կարլսոնի «Այլևս չեմ կարող. Ալման և հայերը» գրքի, ինչպես նաև Մարիա Կարլսոնի «Ժխտողականության մշակույթ. Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության ժխտման համեմատություն» մենագրության շնորհանդեսները` հեղինակների մասնակցությամբ։
Յաննե Կարլսոնի հետ առանձին հանդիպում տեղի կունենա սեպտեմբերի 26-ին «Ցեղասպանության ականատեսը» խորագրի ներքո, իսկ Շվեդիայի առաջատար օրաթերթերից մեկը՝ «Svenska Dagbladet»-ը, իր տաղավարում կկազմակերպի Ցեղասպանության վերաբերյալ քննարկում` մշակութային բաժնի խմբագիր Անդերշ Բյորքմանի, Լյունդի համալսարանի պրոֆեսոր Սվանտե Լյունդգրենի և «Sydsvenskan» թերթի լրագրող Ռաքել Չուքրիի մասնակցությամբ։
Գյոտեբորգի գրքի միջազգային փառատոնը գործելու է մինչև սեպտեմբերի 27-ը։