տուն Լուրեր Հայաստանն անչափ շահագրգռված է Եվրասիական միության կայացմամբ

Հայաստանն անչափ շահագրգռված է Եվրասիական միության կայացմամբ

83
0

serj-sargsyan-1-600x401

Մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք դարձել՝ համարելով, որ մեր տնտեսությունն ազատություն կստանա, կսկսի զարգանալ՝ ունենալով այն 4 ազատությունները, հանուն որոնց այս կազմակերպությունն ստեղծվել է: Այս մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է «Միր» հեռուստաալիքի հետ հարցազրույցում:

«Մենք շատ մեծ շուկայի մասն ենք դարձել, դա Հայաստանին ավելի շատ արտահանելու հնարավորություն է տալիս: 2015 եւ 2016 թվականներին մենք արտահանման գրեթե 20 տոկոսով աճ ենք ունեցել: Մեզ համար դա արտահանում է, իսկ ընդհանուր սպառողական շուկայի համար՝ ապրանքներ եւ ծառայություններ:

Կարծում եմ, որ մեր առջեւ դրված նպատակներն իրատեսական են, չնայած ԵՏՄ-ի ստեղծման ժամանակը համընկավ համաշխարհային տնտեսության մեջ բացասական գործընթացներին: Սա մեր քաղաքացիների համար դժվարություններ ստեղծեց զգալու Եվրասիական տնտեսական միության մեջ մտնելու օգուտը: Սակայն ես համոզված եմ, որ եթե այս միությունը չստեղծվեր, եթե Հայաստանը միության մեջ չմտներ, ապա մենք ավելի շատ խնդիրներ կունենայինք, քան ունենք հիմա: Ես համոզված եմ, որ այս միությունը մեծ հեռանկարներ ունի: Մենք կողմ ենք, որ որքան հնարավոր է շուտ վերանան գոյություն ունեցող բոլոր խոչընդոտները: Մեզ մոտ այս խնդիրների աշխույժ քննարկում է ընթանում: Կարծում եմ՝ մեր քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան այս որոշումների ճիշտ լինելը»,- նշել է նա:

Ի պատասխան հարցին՝ կարելի՞ է ԵՏՄ ներսում եղած խնդիրները հակասություններ անվանել, Սարգսյանը նշել է, որ դեռեւս վաղ է ասել՝ դրանք հակասություններ են, թե խնդիրներ, որոնց լուծմամբ շահագրգռված են միության անդամները: «Եթե հպանցիկ նայենք Եվրամիության ստեղծման պատմությանը եւ նրա զարգացմանը, կարելի է համոզվել, որ նոր կազմակերպության կայացման համար մեծ ջանքեր են պահանջվում եւ ամենագլխավորը՝ ժամանակ: Շատ կարեւոր է, որ միության անդամները շահագրգռված լինեն նրա արագ կայացմամբ: Այս հարցում, կարծում եմ, Երեւանն առանձնահատուկ պատասխանատվություն ունի, որովհետեւ Հայաստանի ներկայացուցիչներ են հանձնաժողովի նախագահները, որի հստակ աշխատանքից շատ բան է կախված: Մենք անչափ շահագրգռված ենք Եվրասիական միության կայացմամբ»,- ասել է նա: