Global Burden of Diseases Nutrition and Chronic Diseases Expert Group-ը 4,5 մլրդ մարդկանց շրջանում իրականացրել է հարցում, պարզելու համար ամենաանառողջ սննդակարգերի ցուցակը: Վերջինումս ներառված են եղել 197 երկրներ, այդ թվում և Հայաստանը, որը ամենաառողջ երկրների ցանկում զբաղեցրել է նախավերջին տեղը:
«Հարցման ժամանակ հաշվի են առնվել երկրներում արտադրվող, ներկրվող, իրացվող և ազգային մակարդակի հասանելիությամբ առկա սնունդները: Մեզանում ոչ թե սնունդն է վատը, այլ սննդակարգն է սխալ: Մենք սխալ ենք սնվում, դրա համար էլ հետազոտության արդյունքում նախավերջին տեղում ենք հայտնվել: 2005 թվականից մենք առողջ սննդի դեֆիցիտ ունենք, բայց որևէ սոցիալական գովազդ այն թեմայով այդպես էլ չի նկարահանվել: Համենայն դեպս, ես եթերում նման գովազդի չեմ հանդիպել, իսկ դրանք անհրաժեշտ են, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչ են օգտագործում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Վերջինս ընդգծեց, որ ստեղծված իրավիճակը մտահոգիչ է, բայց համապատասխան մարմինների կողմից պատշաճ ուշադրության չի արժանացել:
«Ոչ Սննդամթերքի անվտանգության պետական կոմիտեն, ոչ էլ Առողջապահության նախարարությունը չանդրադարձավ այս տվյալներին, ինչն ինձ համար զարմանալի էր և մտահոգիչ: Այս ամենը կարգավորելու համար չորս քայլ է պետք կատարել՝ սահամանել պետական վերահսկողություն և աջակցություն, ինչպես նաև սահմանել հասարակության վերահսկողություն և աջակցություն: Ինչպես նաև անհրաժեշտ է տեսակավորել սննդամթերքները, որպեսզի սպառողը հստակ տեսնի և գիտակցի, թե ինչ է պարունակում իր օգտագործած սննդամթերքը »,-եզրափակեց բանախոսը:
Վարդուհի Ստեփանյան