Կառավարության որոշմամբ հուլիսի 8-ին վաճառքի հանվեց Որոտանը ամբարը: ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր ԱԺ հարցուպատասխանի ժամանակ բարձրաձայնեց վաճառքի հարցը, մասնավորապես ուշադրություն հարվիրելով այն գնած «Կոնտուր գլոբալ» ընկերության ռազմավարության վրա:
«Ըստ իմ տեղեկություններիˋ «Կոնտուր գլոբալը» գործարքն իրականացնելու համար 90 մլն դոլարի վարկ է վերցրել ՀՀ երեք բանկերիցˋ համապատասխան գնումը կատարելու համար: Ստացվում է, որ այն կազմակերպությունը, որից ակնկալվում էին լուրջ ներդրումներ, գործարք է իրականացրել ՀՀ բանկերից վերցված գումարով: Ստացվում է, որ նույն գումարը Հայաստանից վերցվել է, որպեսզի մուտք արվի Հայաստանի բյուջե՝ գործարքն իրականացնելու համար: Ճի՞շտ եք համարում, որ մեր ստրատեգիական ջրամբարները վաճառվել են ՀՀ փողերով»,- նման հարց պատգամավորն ուղղեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանին:
Վերջինս նշեց, որ թեև ընկերությունը վարկ վերցրել է, բայց այն կազմել է ընդհանուր գումարի 1/3-րդ մասը: «Ընկերությունը նաև գրավադրել է իր ձեռք բերած բաժնետոմսերը ինչպես բանկերին, այնպես էլ կառավարությանը: Ցույց տվեք ինձ մեկ խոշոր հաջողված ձեռնարկատիրություն, որը վարկեր չի վերցնում: Մենք պետք է ուրախ լինենք, որ այս գումարը ՀՀ-ից է վերցվում, որովհետև սա մեծ ակտիվություն է հաղորդում մեր տնտեսական կյանքին»:
Հարությունյանի նման պատասխանը վրդովեցրեց Արամ Մանուկյանին: Վերջինս ընդգծեց. «Հայաստանից վարկ են վերցնում Հայաստանում ապրանք գնելու համար, իսկ Դուք սա գրանդիոզ հաջողություն եք անվանում: Արդյունքում մենք ոչ թե դրսից եկած գումարներ ենք ունենում, այլ ՀՀ-ից վերցված գումարներով ձևակերպված գործարք ՀՀ ապրանքների համար»:
Պատգամավորի համոզիչ փաստարկն, այնուամենայնիվ, չհամոզեց Հարությունյանին: Փարատելու համար Մանուկյանի մտահոգություններըˋ Հարությունյանը շեշտեց, որ ընկերությունը իրավունք է ձեռք բերել Որոտանի տարածքում միայն կառուցապատում իրականացնելու համար, իսկ տարածքի սեփականությունը շարունակում է Հայաստանին պատկանել: