Oրեր առաջ Ռուսաստանում Հայաստանից տարված թառափ ձկնատեսակի խոշոր խմբաքանակի առգրավվումն ու ոչնչացումը ձեռնտու է որակել որպես թյուրիմացություն: Այս կարծիքին է «Հայ ձկնարտադրողների և ձկնարդյունաբերողների միություն» ՀԿ-ի նախագահ Արթուր Աթոյանը:
«Տեղի ունեցածը թյուրիմացություն է: Համենայն դեպս, մեզ համար այդպիսի տարբերակին հավատալն ու այն բարձրաձայնելն ավելի շահավետ է: Եթե սրա անունը դնենք թյուրիմացություն, ապա զերծ կմնանք ռուսական կամայականություններից, իսկ եթե ասենք, որ դիտավորություն է ռուսների կողմից, կգազազեցնենք նրանց»,- ասաց պարոն Աթոյանը:
Ըստ նրա՝ ռուսները մաքսակետում առաջնորդվել են հին օրենքներով, երբ Հայաստանը դեռ ԵՏՄ անդամ չէր:
«Բանն այն է, որ մենք, հենց դարձանք ԵՏՄ անդամ, հնարավորություն ձեռք բերեցինք ԵՏՄ անդամ երկրներ մեր ապրանքը ոչ թե արտահանել, այլ տեղափոխել: Այո, նման խնդիրներ պետք է չառաջանային Սոչիի մաքսակետում, որովհետև մենք էլ ԵՏՄ անդամ երկիր ենք»:
ՀԿ-ի նախագահը նշեց՝ դեպքի առնչությամբ իրենց կազմակերպությունը պատրաստվում է պաշտոնական գրություն ուղարկել Սոչիի համապատասխան կառույցներին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուսաստանում Հայաստանից տարված թառափ ձկնատեսակի խոշոր խմբաքանակ է առգրավվել ու ոչնչացվել: Ըստ «Վեստի Սոչի»-ի՝ խոսքը 200 կգ սիբիրյան թառափի մասին է, որն առգրավվել է Սոչիի օդանավակայանում: Ապրանքը նախատեսված է եղել տեղական ձեռնարկություններից մեկի համար: