տուն Լուրեր Հայաստանի զինված ուժերը դարձան այն առաջին քարերը, որ դրվեցին մեր պետականաշինության հիմքում....

Հայաստանի զինված ուժերը դարձան այն առաջին քարերը, որ դրվեցին մեր պետականաշինության հիմքում. լուսանկար

164
0

_87077615_armserzhapԲանակի օրվա առթիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի եւ խիզախության, մատուցած նշանակալի ծառայությունների համար մի խումբ զինծառայողներ պարգեւատրվել են պետական պարգեւներով, արժանացել զինվորական բարձր կոչումների: ՀՀ Նախագահի նստավայրում այսօր կայացել է պարգեւատրման հանդիսավոր արարողությունը: ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, նաեւ շնորհավորել պարգեւատրվածներին՝ հայրենիքի բարձր պարգեւներին ու կոչումներին արժանանալու կապակցությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ:

Այս տարի մենք նշելու ենք Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ տարեդարձը: Արդեն քառորդ դար է, ինչ մենք ազատ ու անկախ պետականություն ունենք: Այս ողջ ժամանակահատվածում ոչ մի րոպե չենք կասկածել, որ մեր երկրի 25-ամյա ուղին անհնարին էր լինելու առանց այն բանակի, որ մենք ենք ստեղծել:

Հայաստանի զինված ուժերը դարձան այն առաջին քարերը, որ դրվեցին մեր պետականաշինության հիմքում: Դա ժամանակի եւ տարածաշրջանի պարտադրանքն էր: Մենք շատ լավ գիտեինք, թե ով ենք մենք եւ որտեղ ենք ապրում: Մենք հայ ենք եւ, լինելով Մերձավոր Արեւելքի եւ Առաջավոր Ասիայի հնագույն ազգերից մեկը, ունենք հազարամյակների փորձառություն:

Այն ողբերգական իրադարձությունները, որ տեղի են ունենում այսօր Մերձավոր Արեւելքում եւ ընդհանուր առմամբ մեզ շատ մոտ տարածքներում, ցավալիորեն ծանոթ են մեզ եւ կրկնվել են պարբերաբար: Մենք եղել ենք ականատեսը, ժամանակակիցն ու տարեգիրը նման իրադարձությունների: Մեր աչքի առջեւ են դրանք կատարվել վերջին դարերի եւ առնվազն երկու հազարամյակների ընթացքում: 25 տարի առաջ, երբ մենք ստանձնում էինք սեփական ճակատագիրը տնօրինելու պատասխանատվությունը, գիտակցում էինք, որ դա գրեթե հավասարազոր է մարտադաշտ մտնելուն:

Եվ մենք մտանք: Մտանք հանուն մարդու եւ ժողովրդի իրավունքների, հանուն ազատության: Մենք արդեն տեսել էինք Բաքվի հայկական եկեղեցուց բարձրացող ծուխը, որ վերջին եւ ամենահամոզիչ ազդանշանն էր բոլոր կասկածողների համար: Ավելի ուշ՝ արդեն մեր օրերում հրկիզված ու պայթեցված կրոնական օջախներից բարձրացող ծուխը պիտի տեսներ ողջ աշխարհը եւ զարմանքի ու վրդովմունքի սարսուռ ապրեր:

Մենք այդ սարսուռն ապրել ենք 1988-ից սկսած, եւ ինքնաբուխ կերպով ձեւավորված ինքնապաշտպանական ջոկատները առաջին քայլերն էին գոյապայքարի ճանապարհին: Մենք նաեւ գիտեինք, որ ֆիդայական շարժումը դատապարտված է ձախողման, եթե ժամանակին՝ հենց մարտի դաշտում, չվերաճի կանոնավոր բանակի: Հայոց կանոնավոր բանակը՝ մեր հաղթական բանակը, բռնեց պատերազմի քննությունը, որովհետեւ այդ օրերին եւ՛ Արցախը, եւ՛ Հայաստանը, եւ՛ ողջ հայությունը դարձան մեկ միասնական ազգ-բանակ, դարձան այն, ինչ մեր պատմիչն անվանում է «Ասքանազյան ազգ», իսկ Սուրբ գիրքը՝ «Ասքանազյան գունդ», որ իրենից ներկայացնում է եւ՛ երկիր, եւ՛ ժողովուրդ, եւ՛ զինված ուժ:

Հայոց բանակի սիրելի՛ զինվորներ ու սպաներ, հարգելի՛ վետերաններ,

Այս փառապանծ տոնը, իհարկե, համապետական է եւ համաժողովրդական, բայց առաջին հերթին ձեր տոնն է: Մենք վստահում ենք ձեր նվիրվածությանը, ձեր մասնագիտական կարողություններին, ձեր բարձր մարտական ոգուն: Մաղթում ենք, որ այսուհետ սահմանի վրա չզոհվի ոչ մի զինվոր: Ձեզ եւ մեր ողջ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն հանուն մեր երկրի ազատության, հանուն արդար աշխատանքի, որ պայմանն է ամեն մի առաջընթացի:

Հարգելի՛ պարգեւատրվածներ,

Շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա եւ հայրենիքի բարձր պարգեւներին ու կոչումներին արժանանալու կապակցությամբ:

Ձեր եւ ձեր ծառայակիցների շնորհիվ է, որ Հայաստանի զինված ուժերը իրականացնում են իրենց առաքելությունը, լուծում իրենց առջեւ դրված խնդիրները: Դուք դա իրականացնում եք պատվով ու մասնագիտական բարձր մակարդակով:

Դուք արժանավոր հետնորդներն եք նրանց, ովքեր Արցախյան հերոսամարտի կրակների մեջ հիմքերն էին դնում մեր ապագա բանակի: Նրանցից շատերն ընկան՝ մեզ պարգեւելով կյանք ու ազատություն: Այսօր՝ այս նվիրական օրը, մենք գլուխ ենք խոնարհում նրանց պայծառ հիշատակի առջեւ: Դուք այն արժանավորներն եք, ովքեր հավատարիմ են նահատակների պատգամներին եւ նրանց կտակած արժեքներին:

Աստված պահապան Հայոց հողին:

Փառք հայ ժողովրդին եւ նրա ռազմիկ զավակներին: