տուն Լուրեր Հայաստանի` ԵՏՄ անդամակցումը քաղաքական առումով լուծված է. Ալեքսանդր Շպակովսկի

Հայաստանի` ԵՏՄ անդամակցումը քաղաքական առումով լուծված է. Ալեքսանդր Շպակովսկի

206
0

soyuz_armen

«Ցիտադել» վերլուծական նախագծի ղեկավար Ալեքսանդր Շպակովսկին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Հայաստանի` ԵՏՄ անդամակցելու հարցը քաղաքական մակարդակով արդեն լուծվել է. մնում են ընթացիկ հարցերը:

«Չէի ցանկանա գուշակություններ անել Հայաստանի` ԵՏՄ անդամակցության ժամկետների մասին»,- ասում է նա` անդրադառնալով հոկտեմբերի 10-ին ԵՏՄ անդամակցության պայմանագրի ստորագման հավանականությանը: «Իրականում ամսաթիվն անքան էլ  նշանակություն չունի: Հայաստանի անդամակցության հարցը քաղաքական մակարդակով արդեն լուծված է: Իսկ մնացած բոլոր կողմերով Հայաստանի անդամակցությունը մոտ ապագայի հարց է»:

«Մենք հույս ունենք գործի դնել Հայաստանի ամբողջ պոտենցիալը` ԵՏՄ կայանալու համար: Այդ թվում նաև Իրանի հետ հարաբերությունները: Ինչը նաև Հայաստանի շահերից է  բխում»,- նշում է բելառուսցի վերլուծաբանը:

Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Սիտինի կարծիքով` չկա ոչ մի լուրջ պատճառ, որի համար անդամակցությունը չիրականանա:

«Ինձ թվում է՝ Հայաստանը կանդամագրվի ԵՏՄ-ին, իսկ ձգձգումը տեխնիկական խնդիր է, ոչ մի լուրջ պատճառ չկա: Ներկա դրությամբ եթե հանդիպումը կայանա, կարծում եմ, որ այդ փաստաթուղթն, ամենայն հավանականությամբ, կստորագրվի»,-ասաց նա:

Փորձագետը նշեց, թե այն տեսակետները, որ ԵՏՄ անդամ պետությունների ներսում լուրջ տարաձայնություններ կան ՀՀ-ի անդամակցության հարցով, իրականությանը չեն համապատասխանում, քանի որ բոլոր անդամ երկներն էլ ողջունել են Հայաստանի անդամակցությունը:

«Թե ինչ երկրներ կմիանան ԵՏՄ-ին Հայաստանից հետո, հիմա դժվար է ասել: Ղրղզստանի անդամակցությունը հնարավոր է»,- հավելեց Սիտինը:

Բանախոսը նաև անդրադարձավ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններին` նշելով, որ դրանք այնքան էլ ծայրահեղ վիճակում չեն:

«Իրականում իրավիճակը, որը ստեղծվել է ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև, ստեղծվել է ոչ Ռուսաստանի նախաձեռնությամբ: Դրա նախաձեռնողը Արևմուտքն է, ինչի ակնհայտ ապացույցը սանկցիաների փաթեթն է, որը կիրառվում է Ռուսաստանի նկատմամբ: Կարող եմ ասել, որ ՌԴ-ն, չնայած պատասխան պատժամիջոցներին, միշտ արտահայտել է իր հետաքրքրվածությունը Եվրամիության հետ հարաբերությունների կարգավորման մեջ: Շատ մեծ է հակառուսական անհիմն տեղեկատվական  հոսքը»,- ասաց փորձագետը: