տուն Լուրեր Հայաստանի վարչապետը մասնակցել է Եվրասիական տնտեսական համաժողովի բացմանը

Հայաստանի վարչապետը մասնակցել է Եվրասիական տնտեսական համաժողովի բացմանը

82
0

hovikՎարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին Սիանում մասնակցել է Եվրասիական տնտեսական համաժողովի բացմանը: Նշենք, որ համաժողովը կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ, որին մասնակցում են բազմաթիվ երկրների կառավարությունների, միջազգային կառույցների, խոշոր ձեռնարկությունների ղեկավարներ: Այս տարի համաժողովին ներկա էին շուրջ հազար պատվիրակներ:

Համաժողովի բացմանը ելույթով հանդես է եկել վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ «Համագործակցության նոր մոդել. Մետաքսի մեծ ճանապարհի երկրների համատեղ զարգացում» թեմայով:

Դիմելով ներկաներին՝ Հովիկ Աբրահամյանն ասել է. «21-րդ դարում յուրաքանչյուր երկրի տնտեսական զարգացման հաջողությունը մեծ մասամբ կախված է նոր գլոբալ իրողություններին հարմարվելու եւ համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրվելու կարողությամբ: Մետաքսի մեծ ճանապարհի վերականգնումը ինտեգրացիոն գործընթացների զարգացման նոր փուլի հիմք կդնի: Դարեր շարունակ Հայաստանը համարվել է Եվրոպան եւ Ասիան կապող Մետաքսի ճանապարհի կարեւորագույն տարանցիկ ուղի: Ունենալով այսպիսի պատմական փորձ, բնական է, որ Հայաստանը ողջունեց Մետաքսի մեծ ճանապարհի տնտեսական գոտու գաղափարը, որն առաջ է քաշել 2013 թվականին նախագահ Սի Ծինփինը: Արդեն իսկ տարվում է նպատակային աշխատանք նախագծի իրականացման ուղղությամբ այն հատվածում, որում Հայաստանը կարող է բերել իր նպաստը: Բացի այդ, այսօր Հայաստանն իր աշխարհագրական դիրքի շնորհիվ, մարդկային ռեսուրսների եւ տարբեր ձեւաչափերի միջազգային տնտեսական համագործակցության մեծ հնարավորությունների երկիր է: Եվրասիական տնտեսական միության եւ ԱՊՀ երկրների շուկաներ անմիջական մուտքը, Եվրամիության հետ առեւտրային արտոնյալ ռեժիմը, Իրանի եւ արաբական աշխարհի երկրների հետ բարեկամական հարաբերությունները, ինչպես նաեւ բարենպաստ ներդրումային եւ բիզնես միջավայրը կնպաստեն տնտեսական կապերի ամրապնդմանը եւ Եվրասիական երկրների զարգացմանը միտված համագործակցության ընդլայնմանը: Հայաստանի նշանակությունը, որպես Եվրոպան, Մերձավոր Արեւելքը եւ Ասիան կապող օղակ, ամրապնդելու համար այսօր իրականացվում են խոշոր ենթակառուցվածքային նախագծեր:

Այդ նախագծերից մեկն է «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի շինարարության ներդրումային ծրագրի իրականացումը, որն ունի կարեւոր տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական նշանակություն: Ոչ պակաս կարեւոր գործոն է նաեւ Ասիական զարգացման բանկի հետ երկար տարիների համագործակցության դրական փորձը, որի աջակցությամբ իրականացվում է այս նախագիծը: «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կարեւոր բաղադրիչ կհանդիսանա նաեւ Հայաստանի եւ Իրանի միջեւ երկաթուղային հաղորդակցությունը: Հայ-իրանական երկաթուղին կապահովի տարածաշրջանի համաչափ եւ հավասարակշռված զարգացումը, կընդլայնի տնտեսական կապերը երկրների միջեւ: Այս համատեքստում մենք քննարկում ենք ենթակառուցվածքային նախագծերի համատեղ իրականացման հարցը, մասնավորապես, չինական ընկերությունների հնարավոր մասնակցությունը «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի շինարարությանը, ինչպես նաեւ Հայաստանը եւ Իրանը միացնող երկաթուղու, որը կապահովի մեր մուտքը Կենտրոնական Ասիա եւ Չինաստան: Այսպիսով, Հայաստանը եւս մեկ անգամ հայտնում է իր պատրաստակամությունն ակտիվորեն մասնակցել նոր Մետաքսի ճանապարհի ստեղծմանը` ընդգծելով նախագծի գաղափարախոսության նշանաբանը. աշխարհ՝ հանուն զարգացման:

Հին Մետաքսի ճանապարհի վերածնունդը, որը ժամանակին հանդիսանաում էր վիթխարի առեւտրային ուղի, կնպաստի Ճանապարհի բոլոր երկրների տնտեսական ու սոցիալական զարգացմանը, քաղաքական կայունությանը եւ արդյունքում, առաջընթացին, բարեկեցությանն ու խաղաղությանն ամբողջ աշխարհում»: