Գործարար Խաչատուր Սուքիասյանը կարծում է, որ տնտեսական աճի մասին հնարավոր կլինի խոսել միայն տարեվերջին: Այսօր՝ մայիսի 31-ին, մի քանի լրագրողների հետ զրույցում գործարարը նշեց, որ պետք է սպասել գյուղատնտեսական ժամանակահատվածին:
«Համախառն ներքին արդյունքի մեջ 2.2-2.3 մլրդ-ը կազմում է գյուղատնտեսական մթերքը: Հետեւաբար, պետք է մինչեւ սեպտեմբեր սպասել՝ հասկանալու համար, թե նախորդ տարիների համեմատ ինչքան է լինելու այդ աճը»,- ասաց գործարարը:
Սուքիասյանի կարծիքով՝ պետք է գյուղատնտեսական ոլորտում գույքագրում կատարել, ճշտել, թե ինչ նոր կազմակերպություններ են սկսել զբաղվել գյուղատնտեսությամբ, մրգատու ինչ ծառերի ծառատունկ է եղել եւ վերամշակող կազմակերպություններն ինչպիսի պայմանագրային պարտավորվածություններ ունեն գյուղացիների հետ:
Նշենք, որ շատ վերլուծաբաններ համոզված են, որ այս տարի տնտեսական աճ չենք ունենալու:
Հայաստանում հնարավոր է լինել գործարար եւ միեւնույն ժամանակ ընդդիմադիր հայացքներ ունենալ: Այսօր՝ մայիսի 31-ին, լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց գործարար, նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
«Եթե մարդը գործարար է, ունի իր տեսակետը, որը տարբերվում է իշխանության տեսակետից, ապա խնդիր չկա: Կարծում եմ, որ գործարարը կարող է լինել ընդդիմադիր»,- ասաց Սուքիասյանը:
NEWS.am-ի թղթակցի հարցին, թե արդյոք գործարարը պետք է զբաղվի քաղաքականությամբ, Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց, որ Հայաստանի սահմանադրությունը չի արգելում, որ չափահաս յուրաքանչյուր քաղաքացի զբաղվի իր նախընտրած գործունեությամբ:
Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանը 2008թ. նախագահական ընտրություններում սատարում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Դրանից հետո նա ճնշումների է ենթարկվել:
Եվրասիական տնտեսական միության դրական արդյունքների մասին դեռեւս վաղ է խոսելը: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Խաչատուր Սուքիասյանը:
«ԵՏՄ-ն մի քանի ժամում չի կարող միավոր դառնալ: Ժամանակ է պետք, որ այդ շուկաներին հարիր արտադրանք տանք, հասկանանք, թե այդ շուկաներում ինչ արտադրանքի կարիք կա: Ընդհանրապես իրացման ինստիտուտն ամենաբարդ ինստիտուներից մեկն է: Այնպես, որ ժամանակ է պետք, որ կարողանանք դիրքավորվել այդ շուկայում»,- ասաց գործարարը:
Ամեն դեպքում Խաչատուր Սուքիասյանի կարծիքով՝ Հայաստանի տնտեսությունը կախված է ՌԴ-ից:
Այս տարի լոլիկի առատ բերք է սպասվում: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Խաչատուր Սուքիասյանը:
«Անցած տարի օրինակ լոլիկի բերքը ցածր է եղել, իսկ այս տարի իմ տեղեկություններով՝ բավականին բարձր է լինելու, իսկ լոլիկի մածուկն էլ ամբողջ տարվա ընթացքում իրացվող արտադրանք է»,- ասաց գործարարը:
Նրա կարծիքով՝ այս տարի ամենայն հավանականությամբ խնդիրներ կառաջանա խաղողի մթերման համար, քանի որ կոնյակի արտադրության համար նախատեսված խաղողը դժվար է իրացնել:
«Պետք է հնարավորություններ ստեղծենք, որ խաղողի այդ տեսակը արտադրողները ձեռք բերեն, հնեցնեն եւ իրացնեն»,- նշեց Խաչատուր Սուքիասյանը: