Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիա: Կառավարության ղեկավարն այցի երկրորդ օրը սկսել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության (MEDEF) անդամների հետ հանդիպումով: Կազմակերպությունը միավորում է Ֆրանսիայի շուրջ 7200 ընկերությունների, որոնք գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում և օժանդակում վերջիններիս դուրս գալ արտասահմանյան շուկաներ:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, սակայն, գործադիրի գործողությունների նպատակը որևէ բան ավերելը չէ, այլ այդ ընկերությունների հետ համագործակցության պայմաններում Հայաստանի շահը ներառելը և փոխգործակցությունն ավելի արդյունավետ դարձնելը:
«Երբ ինչ-որ ոլորտում կան խնդիրներ, պետք է հասկանալ, թե ինչ սխալներ են արել կառավարությունը կամ ընկերությունները: Շատ դեպքերում ընկերությունների և կառավարության միջև կնքված գործարքներում Հայաստանի Հանրապետության և ժողովրդի շահն ընդհանրապես հաշվի չի առնվել: Եվ սրանում ընկերությունների մեղքն ընդհանրապես չեմ տեսնում, որովհետև նա պետք է իր շահերից հանդես գա, և պետության ու ժողովրդի շահերը պետք է պաշտպանեին այն պաշտոնյաները, որոնք բանակցում էին Հայաստանի անունից: Բայց մի շարք պայմանագրեր ուսումնասիրելով` հասկանում ենք, որ պաշտոնյաները հանդես են եկել անձնական, կլանային և, թույլ տվեք ասել, մաֆիոզ շահերից: Եվ այս իրավիճակները պարզելու համար պետք է հասկանանք հարցերը, գտնենք պատասխանները, հակառակ դեպքում կունենանք վերնագիր առանց բովանդակության: Մենք ուզում ենք ազնվացնենք մեր հարաբերություններն ընկերությունների հետ: Հասկանում ենք, որ յուրաքանչյուր ընկերություն պետք է պաշտպանի իր շահերը, բայց ուզում ենք ընդգծել, որ Հայաստանի շահերը պաշտպանողի աթոռն այլևս ազատ չէ: Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, նաև այդ ընկերությունների գործունեության հեռանկարները մշուշոտ կլինեն. առաջացել են փոսեր, որոնցից համատեղ պետք է դուրս գանք»,- նշել է վարչապետը: