Հայաստանի հետ Վրաստանի համագործակցությունը բարեկամական է, սակայն այն ռազմավարական համագործակցություն չէ, «Գրուզիա Օնլայն» պարբերականի փոխանցմամբ` Գաբալայում Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին:
Նրա խոսքով` Վրաստանի նպատակը եվրատլանտյան ինտեգրացիան է, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, հետևաբար, դա կանխորոշում է թուրք-վրացական ռազմավարական համագործակցությունը: Իսկ Հայաստանի պարագայում այդպիսի հանգամանք չկա:
«Մենք ընտրություն չենք անում: Ես եղել եմ Երևանում 2016թ.-ի հունվարին, որտեղ ասել եմ, որ Ադրբեջանն ու Թուրքիան Վրաստանի ռազմավարական գործընկերներն են: Վրաստանն ունի շատ բարեկամներ և գործընկերներ: Մենք աշխատում ենք Հայաստանի հետ, այդ երկիրը մեր հարևանն է, և մեր միջև խնդիրներ չեն լինի: Սակայն, ինչպես արդեն ասել ենք, գոյություն ունի գործընկերություն, ճանապարհ, ուր մենք գնում ենք: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Վրաստանը ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Դա էլ կանխոշորում է մեր ռազմավարական գործընկերությունը: Հայաստանը կատարել է այլ ընտրություն, անդամակցել է Եվրասիական միությանը, մենք այնտեղ չենք պատրաստվում լինել: Դա էլ կանխորոշում է Հայաստանի հետ մեր հարաբերությունների մակարդակը: Դրանք բարեկամական են, սակայն առանց ռազմավարական գործընկերության»,- հայտարարել է Խիդաշելին:
Վրաստանի պաշտպանության նախարարը միաժամանակ շեշտել է, որ Վրաստանում բնակվում է բավական մեծ հայկական սփյուռք, հետևաբար, «Վրաստանի համար Հայաստանի հետ հարաբերությունները նույնքան կարևոր են, որքան Ադրբեջանի հետ»: