Հոկտեմբերի 8-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Նիգերի արտգործնախարար Այչատու Բուլամա Կանեին, ով Հայաստանում է գտնվում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 31-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովին ներկա գտնվելու համար։ Նախարարը, նշելով, որ խորհրդանշական է ընդունել Նիգերից Հայաստան ժամանած առաջին պատվիրակությանը, հավելեց, որ այս այցը հնարավորություն է ընձեռում տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու շուրջ քննարկումներ ունենալու համար:
Նախարար Նալբանդյանը ցավակցություն հայտնեց Նիգերի ԱԳ նախարարին Մեքքայում՝ հաջի ընթացքում, տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով Նիգերի քաղաքացիների զոհվելու կապակցությամբ:
Շնորհակալություն հայտնելով ՖՄԿ նախարարական համաժողովի կազմակերպման և ջերմ ընդունելության համար` Նիգերի արտգործնախարարը իր գոհունակությունը հայտնեց Երևանում գտնվելու և Հայաստանի հետ փոխգործակցության զարգացման շուրջ քննարկումներ ունենալու կապակցությամբ:
Էդվարդ Նալբանդյանի խնդրանքով Նիգերի արտգործնախարարը ներկայացրեց տարածաշրջանում Բոկո հարամ և այլ ահաբեկչական խմբավորումների գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը և դրանց դեմ ձեռնարկվող քայլերը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ձևավորման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հաստատման հնարավորությունները: