Հայաստանի եւ Եվրամիության միջեւ շրջանակային համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցային գործընթացը հաջող է ընթանում։ Այս մասին հունիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն։
Նրա խոսքով՝ բանակցային գործընթացում մեծ խնդիրներ չկան։ «Բնականաբար, մենք ակնկալում ենք համաձայնագիրը հնարավորինս շուտ ստորագրել»,– նշել է Ժան Ֆրանսուա Շարպանտիեն՝ միաժամանակ կոչ անելով արհեստականորեն չարագացնել գործընթացը։ Դիվանագետը նշել է, որ հնարավորության դեպքում Ֆրանսիան, բնականաբար, հանդես կգա Հայաստան–ԵՄ համաձայնագրի արագ ստորագրման օգտին։ «Բայց եկեք չարագացնենք գործընթացը։ Դուք բոլորդ գիտեք, որ Հայաստանի եւ Եվրամիության ցանկությունն է տեսնել ավելի ընդլայնված համագործակցություն բավական հավակնոտ մոտեցումներով»,– ընդգծել է Շարպանտիեն։
Վերադառնալով բանակցություններում հնարավոր դժվարություններին՝ դեսպանը նշել է, որ բանակցային գործընթացում միշտ բարդ պահեր լինում են։ «Բայց դժվարությունները հենց նրա համար են, որ դրանք հաղահարվեն»,– հավելել է Ժան Ֆրանսուա Շարպանտիեն։
Հիշեցնենք, որ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ասել էր, որ ԵՄ–Հայաստան փաստաթղթի վերջնական նախագծում դժվար հաղթահարելի դրույթներ կան։