Հայաստան-Ալբանիա խաղից առաջ armsport.am-ը կարճ զրույց է ունեցել ալբանական «Պանորամա Սպորտ» թերթի թղթակից Օլսի Տուլյանիի հետ:
— Օրերս Ալբանիան սկզբունքային մրցավեճում սեփական հարկի տակ 0:2 հաշվով զիջեց Սերբիային: Ի՞նչ կարող եք ասել այդ մրցավեճի վերաբերյալ:
— Գիտեք, որ խաղի շուրջ լարվածությունը շատ մեծ էր, սակայն մենք տեսանք լավագույն կազմակերպվածությունը, ինչը թույլ տվեց խուսափել անցանկալի իրաձություններից, ինչպիսիք, որ եղան Բելգրադում:
Ալբանիան ցանկանում էր հաղթել եւ խաղի վերջին րոպեներին բաց թողեց նաեւ ոչ-ոքին: Զգոնությունը խաղավերջում թուլացել էր եւ պաշտպանությունում առաջացան բացեր:
Կար շանս ապահովել տեղը եզրափակիչ փուլում, սակայն այդ խաղն արդեն անցյալում է եւ այժմ պետք է մտածել Երեւանում կայանալիք խաղի մասին:
— Ի՞նչ վիճակում է Ալբանիան ժամանել Հայաստան. արդյո՞ք կան կարդային խնդիրներ:
— Ալբանիան մարտական կազմով է ժամանել մրցավայր: Խաղացողները լավ վիճակում են: Կարծում եմ, որ նրանք կարող են մոռանալ Սերբիայի հետ հանդիպումը եւ կենտրոնանալ Հայաստանի հետ խաղի վրա: Մեզ շատ դժվար խաղ է սպասվում: Հայաստանը խաղալու է տանը առանց լարվածության, քանի որ կորցնելու ոչինչ չունի: Եվրո-2016-ի եզրափակիչ փուլում միանգամից հայտնվելու համար մեզ ծանր փորձություն է սպասվում:
— Ալբանիայի համար սա պատմության ամենակարեւոր հանդիպումն է: Արդյո՞ք ալբանացի ֆանատներ կտեսնենք Երեւանում:
— Այդ կապակցությամբ պաշտոնական որեւէ տեղեկություն չկա, ուստի ես չեմ կարող ասել, թե արդյոք ալբանացիներ ժամանելու են Հայաստան: