տուն Լուրեր Հայաստանը ճանաչելի է նաև իր մտավոր հսկայական ներուժով (տեսանյութ)

Հայաստանը ճանաչելի է նաև իր մտավոր հսկայական ներուժով (տեսանյութ)

112
0

Մայիսի 27-ին Լոռու մարզի Դեբեդ գյուղի ՍՄԱՐԹ կենտրոնի բացմանը ներկա էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ այս կենտրոնը, այստեղի երիտասարդները ապացույց են այն մեծ ներուժի, որ մենք ունենք:

«Մեզ համար շատ կարևոր գործառույթ է՝ ցուցադրել այն յուրահատկությունը, որով մենք առաջ ենք տանում մեր զարգացման օրակարգը: Իսկ զարգացման օրակարգն արդեն ՄԱԿ-ում է, և այն ծանր օրակարգ է, բավականին համալրված, և մենք մեր դերակատարությունն ունենք այդտեղ և՛ որպես մասնակից, և՛ որպես ներդրող, և՛ որպես օգտվող, որովհետև ստեղծագործ կրթության գաղափարախոսությունը Հայաստանում կիրառական իր արտահայտությունն ունի, որից մեկն այստեղ է հիմա, և շատ երկրներ հետաքրքրված են, թե ինչպես ենք մենք դա անում»,- նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ այս կենտրոնը ևս Հայաստանը ճանաչելու միջոց է. «Կարևոր է՝ մենք է՛լ ավելի շեշտադրենք, որ Հայաստանը ճանաչելի է նաև իր այս մտավոր հսկայական ներուժով,  և սա ամենից բացի նաև գործիք է արտաքին քաղաքականության մեջ»: